Լուրեր
Տարոն Մարգարյան. «Համաքաղաքացիների հանդեպ մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը մենք ապացուցել ենք կատարած աշխատանքով, խոսքից գործի անցնելու ճանապարհով»
16.03.2017
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Նուբարաշենի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:
Խոսելով Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների մասին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է հիմնական այն մոտեցումներն ու առաջնահերթությունները, որով պետք է առաջնորդվի թիմի յուրաքանչյուր անդամ:
«Մենք այն թիմն ենք, որ իսկապես պարզ ճակատով է ներկայանում մեր բնակչությանը: Այս տարիների ընթացքում համաքաղաքացիների հանդեպ մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը մենք բազմիցս ապացուցել ենք կատարած աշխատանքով, խոսքից գործի անցնելու ճանապարհով:
Այդ մասին են վկայում նաև Նուբարաշեն վարչական շրջանում վերջին տարիներին կատարած ծավալուն աշխատանքները, ծրագրեր, որոնք տասնամյակներ շարունակ եղել են սպասված ու անլուծելի թվացող:
Իհարկե, դեռևս կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, կան անավարտ աշխատանքներ, որոնք շարունակականություն են պահանջում, և այդ ամենին մենք պետք է հասնենք մեր բնակիչների հետ միասին, համատեղ ամենօրյա աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ»,- նշել է քաղաքապետը: