Լուրեր

Ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին

15.03.2017

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի և Հայաստանի Հանրապետության նկարիչների միության համատեղ ջանքերով կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսը շուրջ տասը տարի ավանդաբար ներկայացվում է հայ արվեստասեր հասարակությանը: Այս տարին ևս բացառություն չէր. ցուցահանդեսում ներկայացնելու համար ընտրված էին շուրջ 120 նկարչուհիների նույնքան աշխատանքներ, որոնք գարնան վառ գույներով և գեղագիտական բարձրարվեստ կատարմամբ հիացրին ցուցահանդեսի այցելուներին:
Ցուցահանդեսի աշխատանքներին ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԱԺ պատգամավորներ` Ռուզաննա Մուրադյանը և Մարգարիտա Եսայանը, ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներ՝ Նաիրա Նահապետյանը և Ջեմմա Բաղդասարյանը և հյուրեր:
Մասնակիցները շրջեցին ցուցահանդեսի սրահում, զրուցեցին աշխատանքների հեղինակների հետ, որոնց հետ արդեն վաղուց ջերմ և ընկերական հարաբերություններ են ձևավորել:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կանանց միամսայկի առթիվ շնորհավորեց կանանց՝ նշելով.
«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, թող Ձեր կտավներում միշտ գերիշխողը լինեն վառ գույներն ու գարնան շունչը, մաղթում եմ Ձեզ բազում ստեղծագործական հաջողություններ: Թող մեր այս գեղեցիկ ցուցահանդեսի և Ձեր հրաշալի ստեղծագործությունների հետ գարունը, արևը, ջերմությունը, լավ տրամադրությունը, հաջողությունները, անվտանգությունը և առաջընթացը մշտապես լինեն հայոց աշխարհում…»:
 

← Վերադառնալ ցուցակին