Լուրեր

Դասընթացներ՝ ՀՀԿ ԵԿ անդամակցել ցանկացող երիտասարդների համար

04.03.2017

Հայաստանի հանրապետական կուսակցությունը համալրել ցանկացող ավելի քան 100 երիտասարդի համար Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը մարտի 4-ին անցկացրել է սեմինար-քննարկումներ։ Երիտասարդները ծանոթացել են ինչպես ՀՀԿ երիտասարդական կառույցին, կուսակցության ծրագրերին, այնպես էլ հայաստանյան ներքաղաքական կյանքին ու զարգացումներին։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատում է, որ ԵԿ շարքերը շարունակում են ընդլայնվել, և մինչև անդամագրումը դիմողների համար դասընթացներ են կազմակերպվում։ «Եթե դասընթացներից հետո երիտասարդները կորոշեն, որ իրոք ցանկանում են դառնալ ՀՀԿ անդամ, մենք հնարավորության կտանք։ Սա մի փուլ է, որի միջոցով ներգրավում ենք երիտասարդների, ովքեր ցանկանում են միանալ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք իրականացվում են ՀՀԿ կողմից»,- ասել է պարոն Ավագյանը՝ ավելացնելով, որ երիտասարդները ցանկություն հայտնում են միանալ ՀՀԿ մեծ թիմին քաղաքական ուժի ծրագրերի, կուսակցության մրցունակ լինելու և հատկապես այն միջավայրի համար, որ կարողացել են ստեղծել հանրապետականները։ Ըստ պարոն Ավագյանի՝ քաղաքականությունը մասնագիտական գործունեություն է, որի համար հարկավոր են համապատասխան գիտելիքներ, հմտություններ։ Ուստի նման ծրագրերը նաև այդ խնդիրն են լուծում։
ՀՀԿ խորհրդի և ՀՀԿ ԵԿ անդամ Սերգեյ Խառատյանն ընդգծում է, որ նման դասընթացները կօգնեն, որպեսզի երիտասարդներն ավելի հստակ պատկերացում կազմեն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կառուցվածքի, հանձնաժողովների մասին և հետագայում անդամագրվելով կուսակցության երիտասարդական թևին՝ ավելի արդյունավետ աշխատանք ծավալեն։
Լիանա Շահբազյանը մեկն է այն երիտասարդներից, որ կուսակցական դառնալու որոշում է կայացրել։ Նա ընդգծում է, որ հետաքրքրված է քաղաքական կյանքով, և կարծում է, որ երիտասարդները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն երկրի բոլոր գործընթեցներում՝ սոցիալական, մշակութային, քաղաքական։ Իսկ Հանրապետական կուսակցությունն ընտրել է, քանի որ վաղուց է հետևում այս քաղաքական ուժի գործունեությանը, ծանոթ է գաղափարախոսությանը, ինչը և հոգեհարազատ է նրան։
Դասընթացի շրջանակներում երիտասարդների համար սեկցիոն թեմատիկ հանդիպումներ են անցկացվել տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մասնավորապես, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսել է հանրային խոսքի առանձնահատկությունների մասին։ Actual Company-ի համահիմնադիր և ՀՀԿ ԵԿ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տարոն Պարսամյանն անդրադարձել է սոցիալական ցանցերին, մեր իրականության մեջ դրանց դերին ու ազդեցությանը։ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ներկայացրել է լրագրողների և լրատվամիջոցների հետ շփումների նրբությունները։ «Global Media Lab» ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանն էլ երիտասարդների հետ քննարկել է քաղաքական գործչի անձնական բրենդի թեման։
 

← Վերադառնալ ցուցակին