Լուրեր

Տարոն Մարգարյան. «Մեր պապերի երազած անկախ Հայաստանը մեր ծնողների ձեռքբերումն է, որը նրանք փոխանցել են մեզ և մենք պետք է միասին փայփայենք»

27.02.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց` մասնակցելու դպրոցի առաջին շրջանավարտներին վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը ներկա են գտնվել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, նաև քաղաքական դպրոցի պատասխանատուներ և բանախոսներ:
Ողջունելով և շնորհավորելով դպրոցի ունկնդիրներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի անդրանիկ շրջանավարտների ակտիվությունն իսկապես ոգեշնչող է և համոզմունք է հայտնել, որ այստեղ ստացած գիտելիքներն ապագայում իրենց կարևոր նպաստն են բերելու նաև երկրի զարգացմանն ու պետության հզորացմանը:
«Վստահեցնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ իսկապես հպարտություն է զգում, երբ բարձր է պահվում Անդրանիկ Մարգարյանի անունը թե՛ կուսակցությունում, և թե՛ հասարակական-քաղաքական դաշտում: Անդրանիկ Մարգարյանի գործունեությունն ավելի շատ աչքի է ընկել ՀՀ անկախության տարիներին, բայց չմոռանանք, որ նա իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռ խորհրդային տարիներին՝ Ազգային Միացյալ Կուսակցության շարքերում: Այն ճանապարհը, որն անցել է Անդրանիկ Մարգարյանն իր զինակից ընկերների հետ միասին, եղել է բարդ: Այդ ճանապարհին նա կորցրել է շատ ընկերների, իսկ նրանք, ովքեր կենդանի են մնացել, իրենց մասնակցությունն են ունեցել նախ Անկախության բանակի ստեղծման գործում, ապա նաև ՀՀ անկախության ձեռքբերման, ինչպես նաև ՀՀԿ հիմնադրման հարցում: Մեր պապերի երազած անկախ Հայաստանը մեր ծնողների ձեռքբերումն է, որը նրանք փոխանցել են մեզ, և մենք պետք է միասին փայփայենք, դողանք այն պահպանելու համար, քանի որ անկախությունը հեշտ չի տրվում: Քաղաքական այս դպրոցի ստեղծումն իսկապես կարևոր էր: Սա հրաշալի հնարավարություն է մեր երիտասարդների համար, ովքեր անկախ կուսակցական պատկանելությունից կամ, ընդհանրապես, որևէ կուսկցության անդամ լինել-չլինելուց, այստեղ ստանում են քաղաքական գիտելիքներ, որոնք, վստա՛հ եմ, մեծապես նպաստելու են հանուն երկրի զարգացմանն ու պետության հզորացմանը միտված նրանց ապագա որոշումների կայացման հարցում», - նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին ու բոլոր այն բանախոսներին, ովքեր այս ամիսների ընթացքում աշխատանք են տարել ունկնդիրների հետ:
Հարկ է նշել, որ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն այսօր ավարտում է ավելի քան 100 շրջանավարտ: Վերջիններս հնարավորություն են ունեցել հյուրընկալելու բարձրաստիճան կուսակցական և պետական գործիչների, քաղաքական տարբեր ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների:
Հանդիսավոր արարողության շրջանակում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին շրջանավարատներին ավարտական վկայագրերը հանձնել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: 

← Վերադառնալ ցուցակին