Լուրեր
Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը
23.02.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Այն մշակվել է 2016թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացման, որոշումների կայացման և վարչական տույժերի կատարման ոլորտում առաջարկվող լուծումները նախատեսվում է իրականացնել 3 ուղղություններով՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգ, տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտ, վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու գրավոր (ձեռագիր) եղանակ: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: Առաջարկվում է նաև մշակել և պիլոտային եղանակով 10 պարեկային ավտոմոբիլներում ներդնել էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, և հետագայում, կախված պիլոտային ծրագրի իրականացման արդյունքներից, շարունակել կամ դադարեցնել ծրագրի իրականացումը: Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման աշխատանքները կիրականացվեն հետևյալ 4 ուղղությամբ՝ Երևան քաղաքում տեղադրված լուսացույցների (հատկապես՝ լրացուցիչ սեկցիա ունեցող) տեսանելիության ապահովում, Երևան քաղաքում չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության մակարդակի բարձրացում, քաղաքային համայնքների (հատկապես՝ Երևան քաղաքի) և ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմում և հաստատում, Երևան քաղաքի խաչմերուկներում մուտքային և ելքային հոսքերի ուղիների քանակի հավասարության, ինչպես նաև ձախ շրջադարձն առանձնացված երթևեկելի գոտուց կատարելու միջոցով խցանումների և խաչմերուկներում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս իրազեկել քաղաքացիներին:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. «Եթե ոչ, ապա փակել ջրառի կետը»
Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: «Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն: Մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին 10-օրյա ժամկետում՝ կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:
Հաջորդ հանձնարարականը ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների վերաբերյալ է: «Յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվում է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է «Սևան-Հրազդանյան էներգետիկ» (Միջազգային էներգետիկ կորպորացիա) համակարգով, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չի արձանագրվել»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև Սևանա լճից ջրի բացթողումների սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը: Խնդրի կարգավորմանը կառավարության ղեկավարը առաջարկել է մասնակցել նաև ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին:
Վարչապետը հանձնարարականեր է տվել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների և իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ
Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների և իրավական անվտանգության ապահովմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կիրառման ապահովման համար կատարվել է զգալի աշխատանք: «Մասնավորապես՝ ընդունվել է 5 նոր օրենք, որոնցից 4-ը սահմանադրական օրենք է: Սակայն, կարծում եմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքը և ըստ այդ արդյունքների ձևակերպել մեր հետագա գործողությունները»,-ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին մինչև 2017թ. հունիսի 10-ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը: 1-ամսյա ժամկետում նախարարությունը պետք է կատարի ուսումնասիրություն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի` ՀՀ Սահմանադրության, սահմանադրական օրենքների և օրենքների պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: 3-շաբաթյա ժամկետում կներկայացվի հաշվետվություն ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետում գույքագրել ՀՀ Ազգային ժողովում գտնվող մշակված նախագծերը և այդ նախագծերի հետագա քննարկման կամ հետ կանչելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ներկայացնել ՀՀ կառավարությանը: «Բազմաթիվ օրենքների նախագծեր կան, որոնք ԱԺ-ում են, բավականին երկար ժամանակ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ ադապտացվում են, ոչ էլ տալիս են կարծիք, կարևոր է, կարևոր չէ, ակտուալ է, թե չէ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Կհամակարգվեն Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ընթացիկ նախագծային աշխատանքները
Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի զարգացման» նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017թ. հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով հանձնարարվել է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Կոմիտեն կներկայացնի նաև նախագծային աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշումներով բավարարվել են «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» Որոշման նպատակն է թույլատրել «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների անհրաժեշտ տեխնիկական չափանիշները։ «Պրոֆպանել» ներմուծվող հումքերն ու նյութերն օգտագործվելու է արևային մարտկոցների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմելու են՝ 4 մլրդ 500 մլն ՀՀ դրամ։ Ներդրումները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ։ Իսկ «Էսկո-ֆարմ» ՍՊԸ ներմուծվող հումքը և նյութերն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ընկերությունը կանխատեսում է իրականացնել մոտ 247 մլն 120 հազար ՀՀ դրամի ներդրում։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Կառավարությունն ընդունել է նաև ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Ռուս», «Ավալանժ», «ԱՆԴ» «Վիսավտ» ՍՊԸ-ների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշումներ: «Ռոյալ Ռուս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 205 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ: «Ավալանժ» ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ՝ բարձրակարգ վարդեր աճեցնելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 160 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ: «ԱՆԴ» ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 37,9 մլն ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 36 աշխատատեղ: «Վիսավտ» ընկերության նպատակն է ԼՂՀ, Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Ֆիկուս պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՈ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրության իրականացման համար: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառհատումները և թունավոր արտանետումների ծավալը։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ։ Ծրագրի շրջանակում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։
Առողջ զինվոր` առանց ծխախոտի
«Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից ելնելով՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներներում: Փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումներով, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրով: Անդրադառնալով հարցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է. «Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, քանի որ ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և նրանք ծխախոտ չեն ստացել: Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվել և´ ընդհանուր քաղաքականության, և´ տրամաբանության մեջ: Մենք առաջարկեցինք, որ այդ նույն գումարը, որը ծախսվել է այդ ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել դրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ որևէ այլ նպատակով»:
Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն
Կառավարությունը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը: Ըստ այդմ՝ կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը: Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակում վերջիններս կփորձեն սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով նպաստել հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և խթանել հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործության նվազեցմանը: Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ հնարավոր կլինի որոշակի չափով լուծել պրոբացիայի ծառայության ոլորտում ֆինանսական միջոցների և կադրերի անբավարարության, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանն ու տնտեսմանը վերաբերող հարցերը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Փոփոխություններով և լրացմամբ առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:
Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը
Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումը առավելագունս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին: Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75 %-ը պետք է կառավարվի այդ դրույթներին համապատասխան: Ըստ Համաշխարհային բանկի, մոլորակի ամենաշատ, բայց թերի գնահատված բնական ակտիվները թերևս գտնվում են զարգացող երկրների ազգային պարկերում, որոնց ճիշտ գնահատումը և առևտրայնացումը հնարավորություն է տալիս վերանայել դրանց կարևոր տնտեսական արժեքը: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: Արդյունքում՝ էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումների արդյունավետ իրականացմանը և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն: Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: «Դիլիջան» ազգային պարկի ընթացիկ աշխատանքների և սույն կառավարման պլանի իրականացման համար կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է վեց ծրագիր:
Կիրականացվեն ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի էնդ Սայնս դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Պետական-մասնավոր համագործակցության հիման վրա նախատեսվում է իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ներդրումների խթանմանը: Նախատեսվում է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն ԱՄն դոլարի ներդրում:
Այլ որոշումներ
ՀՀ Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2016-2017թթ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակված բավական քանակությամբ ձյան պաշարը գարնան ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:
Կառավարությունը որոշել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին ամրացված տարածքը նվիրաբերել Երևանի համայնքին՝ Նուբարաշենում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով: