Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
21.02.2017
Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների միջեւ վաղուց ձեւավորված բարեկամական ավանդույթներ: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրը մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ թե՛ միջազգային ասպարեզում եւ թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար՝ ընդգծելով 2016 թվականի հուլիսին Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի անդամ, լրագրող Մուստաֆա Բաքրիի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության նախագծի կարեւորությունը, որին իրենց ստորագրություններով միացել են Ներկայացուցիչների պալատի 337 պատգամավորներ:
ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը նոր փուլ կթեւակոխի, ինչը հնարավորություն կտա քննարկումներ անցկացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` դրանով իսկ նպաստելով հասարակությունների միջեւ շփումների աշխուժացմանը:
Նա հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կխթանի հայ-եգիպտական հարաբերությունները, հատկապես կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների նկատմամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, հայաստանյան իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որը կնպաստի արդար, ժողովրդավարական եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Թարեք Մաաթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եգիպտոսում մեծ ուրախությամբ են հետեւում Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին:
Անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած վերջին փոփոխություններին՝ պարոն Մաաթին նշել է, որ այսօր Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի լիազորություններն ավելի մեծ են, քան երբեւէ, եւ դա երկրի զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է:
Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական բազմադարյան հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր է խաղացել երկրի մշակութային եւ հանրային կյանքում:
Թարեք Մաաթին հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, եւ նոր ձեւավորվող խորհրդարանում նույնպես կստեղծվի հայ-եգիպտական բարեկամական խումբ:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ դեսպանը կարեւորել է Եգիպտոսի հասարակության ուշադրության սեւեռումն այս հարցին, քանի որ իրենք գիտակցում են դրա կարեւորությունը հայ ժողովրդի համար:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Եգիպտոսը շատ արագ կվերագտնի իր կայունությունը եւ կվերահաստատի տարածաշրջանում ու արաբական աշխարհում իր առաջնորդող դիրքը: