Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
24.01.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի զարգացմանն ու խորացմանը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի դերն այդ գործում: Գալուստ Սահակյանի խոսքով՝ մեծ են հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման եւ հետագա համագործակցության հետ կապված ակնկալիքները:
Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով նախորդ տարի Ճապոնիայի խորհրդարանի նախագահի կողմից արված այցի հրավերն ընդունելու համար, նույնպես նշել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները, սահուն եւ քայլ առ քայլ զարգանալով, վերելք են ապրում:
Անդրադառնալով առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Ճապոնիա կատարելիք այցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները եւ ակտիվորեն համագործակցելու մշակույթի, քաղաքականության, տնտեսության եւ այլ բնագավառներում: Դեսպանի խոսքով՝ այցի ընթացքում հայ խորհրդարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորհրդարանական կառավարման անցած Ճապոնիայի փորձը, առնչվելու ճապոնական մշակույթին եւ պատմությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա այցին վերաբերող այլ հարցեր եւս: