Լուրեր

Ավարտվել է ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվող<<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագիրը

23.01.2017

Հունվարի 18-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի եզրափակիչ փուլը՝ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից շուրջ 19 երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>>-ը դասընթացների շարք է՝ բաղկացած 3 փուլից:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Ծրագրի առաջին 2 փուլերը նվիրված են եղել ժողովրդավարությանը և միջազգային անվտանգության խնդիրներին:
Եզրափակիչ 3-րդ փուլը վերաբերել է սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:
Քննարկումները հիմնականում կապված են եղել գլոբալիզացիայի և դրա հետևանքների, տարածաշրջանային և տեղական տնտեսական քաղաքականությունների, մրցակցության, բյուջետային պլանավորման արդյունավետությանը և հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված կառավարությունների գործողությունների, երիտասարդ ձեռներեցների աջակցության ծրագրերի, կրթական բարեփոխումների, սոցիալական երկխոսության, աշխատանքային հարաբերությունների, առողջապահական հիմնախնդիրների և առաջնորդության հետ:

Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ գնահատմամբ և մասնակիցների վկայագրերի հանձնմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին