Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
18.01.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան:
Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:
Երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը` Արեւելյան գործընկերության շրջանակում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ դիրքորոշմանը համահունչ:
Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ուրախությամբ նշել է, որ Բուլղարիայի հայ համայնքը կամուրջ է երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում: Նա վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել զարգացնելու եւ խորացնելու համար:
Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւս: