Լուրեր

Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

26.12.2016

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները:

Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը:
Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ:

Ցանկանում եմ կիսվել ընթացիկ տարում Միության գործունեության մեր գնահատականներով: Դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունում: Կարծում եմ, որ դեղորայքային և բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչև 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգներն իրենց կդրսևորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում:

Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորած հիմքի շնորհիվ, մեզ հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետևանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար Միության ներքին շուկայի բացակայության պարագայում: Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար:

Ցանկանում եմ նաև, որպես մեր կազմակերպության էական ձեռքբերում, նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել և աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում:

Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով և բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաև այսօրվա հանդիպման օրակարգը:

Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: Որպես հետևանք, Միության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր:

Մենք պատկերացնում ենք, որ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է և Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առևտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց Միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը:

Այս համատեքստում, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը:

Դրա հետ կապված, ցանկանում եմն նշել հետևյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության և բավարարության սկզբունքները:

Հայկական կողմի համար արդիական է նաև ծառայությունների առևտրի հատվածների ազատականացման հարցը: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի և մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ:

Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարևոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձևավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության և թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարևոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարևոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, և Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի առանձնակի ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարևորությունը: Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում:

Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ և առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձևավորվի պետությունների առաջարկների հիման վրա:

Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային և միջազգային ենթակառուցվածքային միջանցքների և համագործակցության ծրագրերին:

Ցանկանում եմ անցում կատարել ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում մեր Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում:

Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի Նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար:

Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը:

Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք ներկայիս ֆինանսատնտեսական դժվարությունները, այլև Միությունն ամրապնդելով ներսից, կբարձրացնենք մեր ինտեգրացիոն միության միջազգային կշիռը:

Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա, ինչը, անկասկած, կծառայի մեր տնտեսությունների զարգացմանը և մեր քաղաքացիների բարօրությանը:

Շնորհակալություն ուշադրության համար: 

← Վերադառնալ ցուցակին