Լուրեր
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
23.12.2016
Դեկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, վավերացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1007 01 D, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» եւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրերը:
Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նշվել է, որ ներկայացված առաջարկները վերաբերել են ոչ թե բուն օրենքի նախագծին, այլ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որոնք հաշվի կառնվեն կառավարության կողմից հետագա քաղաքականությունը մշակելիս:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը եւ ավարտել արտահերթ նստաշրջանի աշխատանքը: