Լուրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
21.12.2016
Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն:
Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ և իմ շատ լավ գործընկեր դոկտոր Հասան Ռոհանիին։
Անհնարին է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը՝ դրանք սոսկ բարեկամական բնութագրելով: Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ:
Հայաստանը, համոզված եմ՝ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնը ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն է անկախությունից ի վեր Իրանի հետ մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը և, անշուշտ, իմ հարգարժան գործընկերոջ՝ Նորին Գերազանցություն պարոն Հասան Ռոհանիի ներկա այցը մեր երկիր: Անտարակույս, այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն։
Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր: Հարգարժան պարոն Նախագահի հետ անդրադարձանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։
Խորին երախտագիտություն հայտնեցի իմ գործընկերոջը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Իրանի ընդգծված հարգանքի և հոգածության, ինչպես նաև Իրանի հայ համայնքի հանդեպ ավանդական հոգատար վերաբերմունքի համար։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը:
Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:
Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ և կարևորեցինք համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:
Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Այս առումով, անշուշտ, շատ ուրախ եմ, որ այսօր՝ այցին զուգահեռ, ծավալուն գործարար համաժողով է կայանում Երևանում։
Մեր հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին: Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովուրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար:
Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը:
Իմ հարգարժան գործընկերոջը ինչպես միշտ, այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը:
Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք շարունակել ամենաբարձր մակարդակով շփումների այս բարի ավանդույթը:
Ես շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահին՝ հաջորդ տարի Իրան այցելելու հրավերի համար և ասացի, որ ես անպայման հաճույքով կգամ, որովհետև մեր հարաբերություններն ուղղակի պարտավորեցնում են: Շատ շնորհակալ եմ: