Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

20.12.2016

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը համալսարան կատարած այցի ժամանակ ծանոթացել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքներին: Երևանի քաղաքապետը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է նորաստեղծ լաբորատորիաներում, այցելել է նաև համալսարանի 95-ամյակի առիթով բացված ճարտարապետական երեք նոր արվեստանոցներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝ Գագիկ Գալստյանը նշել է, որ իրականացված շինարարական աշխատանքների և ձեռքբերված արդի սարքավորումների շնորհիվ այս պահին համալսարանը գրեթե բոլոր մասնագիտությունների գծով ունի ժամանակակից լաբորատորիաներ, ինչը լուրջ խթան է կրթության որակի բարձացման համար։
Այնուհետ, նիստերի նորաբաց սրահում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստի ընթացքում լսվել է 2016թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2017-ի բյուջեն, որը հավանության է արժանացել և հաստատվել է խորհրդի կողմից: Գնահատելով ընթացիկ տարում համալսարանում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել համալսարանի ողջ աշխատակազմին ծավալուն աշխատանքի համար: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է համալսարանի ողջ աշխատակազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթել, որ 2017 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
 

← Վերադառնալ ցուցակին