Լուրեր
Հանձնարարվել է հանրությանն իրազեկել տրանսպորտի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին
19.12.2016
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին և ոլորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հաշվի առնելով, որ տարվող աշխատանքները մտել են գործնական փուլ, մասնավորապես արդեն իսկ ընտրվել է միջազգային խորհրդատուն, քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին իրազեկել հանրությանը:
«Արդեն ընտրված է խորհրդատուն, և պայմանագրով հստակ սահմանված են այն ժամկետները, որոնց շրջանակում խորհրդատուն պետք է ապահովի նոր երթուղային ցանցի մշակման, միասնական և էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման առաջակվող փաթեթը: Մենք հստակ խնդիր ենք դրել, որ բարեփոխումների արդյունքում պետք է ապահովենք ժամանակակից չափորոշիչներով տրանսպորտային համակարգի ներդրումը, ինչը նախ պետք է հարմար լինի մեր համաքաղաքացիներին, ինպես նաև լրացուցիչ բեռ չստեղծի նրանց համար: Հետևաբար անհրաժեշտ է հստակ ժամկետներով ու մանրամասն իրազեկել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացրեք, որ արդեն 6 ամիս հետո պատրաստ կլինի բարեփոխումների ամբողջական փաթեթ-առաջարկը, որից հետո այն հանրային լայն քննարկում անցնելով, կսահմանվի նաև փուլային ներդրման ժամանակացույցը: Վստահ եմ, որ համակարգված աշխատանքի արդյունքում կկարողանանք ունենալ մեր հանրության կողմից սպասված տրանսպորտային որակյալ սպասարկում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: