Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

15.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել:
«Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք անչափ կարևորում ենք փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի: Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ արդյունավետ: Ըստ այդմ, մենք պատրաստակամ ենք նմանատիպ կապեր հաստատել նաև մայրաքաղաք Թեհրանի հետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի կազմակերպվի Թեհրանի քաղաքապետի այցը Երևան, որով էլ հիմք կդրվի երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը:
«Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեր այն հետևողականության համար, որ ցուցաբերում եք Իրանի դեսպանատան բոլոր նախաձեռնությունների հանդեպ: Վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը, որպեսզի գործնական կապեր հաստատվեն նաև երկու մայրաքաղաքների միջև, ինչը փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ կբացի», - նշել է դեսպանը:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են Երևանի զբոսաշրջային փաթեթներում ներառել մայրաքաղաքի Կապույտ մզկիթը, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու իրանական մշակույթին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կքննարկի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերն ու առավել օպերատիվ լուծումներ կապահովի դրանց կյանքի կոչման հարցում: 

← Վերադառնալ ցուցակին