Լուրեր

Տարոն Մարգարյան. «Փնթի և կիսախարխուլ սրահներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է»

05.12.2016

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 33 վարչական արձանագրություն:
Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական:
«Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները: Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին: Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է, և հստակ նախազգուշացրեք շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը: «Ավտոբուս» ՓԲԸ-ի կազմում մենք ունենք որոշակի մեքենաքանակ, որը կլրացնի այն բացը, որը կառաջանա միկրոավտոբուսները երթուղուց դուրս բերելու պարագայում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել «Երևանտրանս» ընկերությանը խստացնել հսկողությունը երթուղի դուրսբերվող տրանսպորտային միջոցների սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին