Լուրեր

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

28.11.2016

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին գումարել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքների նախագծերը:

ԱԺ որոշման համաձայն՝ նախատեսվում է արտահերթ նիստի առաջին օրն անցկացնել մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ՝ առաջին ընդմիջման տեւողությունը՝ մեկ ժամ, երկրորդ ընդմիջումը՝ կես ժամ: Հաջորդ օրվանից սկսած՝ կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11-00-ին, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով: Ըստ այդմ՝ նախագծով ամրագրվել են Պաշտպանի գործառույթներն ու լիազորությունները, Պաշտպանի ընտրության եւ գործունեության երաշխիքները: Նախատեսվում է, որ պաշտոնավարման ընթացքում Պաշտպանը չի կարող անդամակցել որեւէ կուսակցության, իսկ հրապարակային ելույթներում պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն: Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ընթացքում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել որպես վկա՝ պաշտոնավարման ընթացքում ստացած դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ: Սահմանվում են Պաշտպանի անձեռնմխելիությունը, նրա աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների գործունեության երաշխիքները: Պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում, ինչպես նաեւ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն ՀՀ ԱԺ համաձայնությամբ:

Ընդլայնվել է Պաշտպանին դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, սանմանվել է ուրիշի իրավունքների պաշտպանության համար դիմելու կարգ: Այսպես, նախատեսվում է, որ ուրիշի իրավունքների պաշտպանության համար՝ անձի գրավոր համաձայնությամբ, Պաշտպանին կարող են դիմել նաեւ հասարակական կազմակերպությունները: Նախագծով նախատեսվել է Պաշտպանի մեկ կարեւոր գործառույթ եւս. Պաշտպանին վերապահվել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգի, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման եւ պաշտպանության իրավասություն: Հստակեցվել է հաստատությունների ցանկը, որտեղ անարգել կարող է մուտք գործել Պաշտպանը եւ այլն:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա նշել է, որ նախագիծը բազմիցս եւ տարբեր ձեւաչափերով քննարկվել է, ստացվել են առաջարկներ հասարակական կազմակերպություններից, որոնց մեծ մասն իրատեսական է եւ ընդունելի:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Թեւան Պողոսյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մրցակցության ապահովմանը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք ՄԻՊ մասին նոր օրենքն ուժեղացնելու է մարդու իրավունքների պաշտպանությունն ու մրցակցությունը երկրում: Հովհաննես Մարգարյանը կարեւորել է ՄԻՊ-ի լիազորությունների ընդլայնումը, անդրադարձել ՏԻՄ մարմիններում ընտրելու եւ ընտրվելու իրավունքին եւ դրանց խախտման դեպքում Պաշտպանին դիմելու հնարավորությանը, այս համատեքստում ներկայացրել մի շարք առաջարկներ: Լեւոն Դոխոլյանը խոսել է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոչ բարվոք վիճակից եւ կարծիք հայտնել, թե բազմաթիվ են մարդկանց իրավունքների խախտումներն ու սակավ՝ խախտված իրավունքների վերականգնումը: Պատգամավորը դրական է գնահատել քննարկվող օրենսդրական փաթեթը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որը, նախարարի խոսքով, բազմիցս քննարկվել է, ուղարկվել է նաեւ միջազգային փորձաքննության: Նախարարը տեղեկացրել է, որ, գործող օրենքով, գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է, որ կուսակցության պետական գրանցման համար հիմնադիր անդամների թիվը պետք է լինի 1000 հոգի, որոնք պետք է ներկայացնեն Երեւան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքի եւ Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու եւ անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին: Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կուսակցական համակարգի կայացմանը, կուսակցությունների պետական գրանցման կարգում նախատեսվող փոփոխություններին, կուսակցությունների լուծարման գործընթացին, կուսակցությունների կողմից տարածքային ստորաբաժանումներ ունենալուն, կուսակցություններին կատարվող նվիրատվություններին:

Գլխադասային՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, բարձրացվել են բազմաթիվ հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ իրատեսական առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցում կընդգրկվեն նախագծում:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:

Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում կարծիք է հայտնել, որ պետք է վերանայել ոչ ուշ քան երկու տարին մեկ անգամ կուսակցությունների համագումար հրավիրելու պահանջը՝ այն դարձնելով ոչ ուշ քան 4 կամ 5 տարին մեկ անգամ: Ըստ նրա՝ պետք է նվազագույնի հասցնել պետական միջամտությունն ու վերահսկողությունը եւ չառաջադրել այնպիսի պահանջներ, որոնք չիրագործելը կարող է խնդիրներ առաջացնել եւ հանգեցնել կուսակցությունների գործունեության հարկադիր դադարեցման:

Օրենքի նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կարեւորելով քննարկվող հարցը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունների դերակատարումն անչափ կարեւոր է: Պարոն Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունների կայացման համար անհրաժեշտ է ստեղծել հավասար հնարավորություններ եւ պայմաններ ու ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար: Խնդիրների արագ լուծման հարցում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների կողմից օրենքի ընդունումը, որը կբացառի արհեստական բյուրոկրատական քաշքշուկը եւ հնարավորություն կտա գնալու ազատականացման ճանապարհով:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ պետք է լինեն սահմանափակումներ, բայց ողջամիտ տրամաբանության շրջանակում: Նա ընդգծել է, որ այն կուսակցությունները, որոնք շուրջ 15 տարի չեն մասնակցում խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրություններին, պետք է ինքնալուծարվեն: «Այստեղ պետք է գնալ զգուշավոր բարեփոխումների ճանապարհով: Ես կողմ եմ ազատականացմանը, բայց աստիճանաբար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովը, անխուսափելի համարելով կուսակցությունների խոշորացումը, կարծիք է հայտնել, որ պետք է հնարավորություն ստեղծել, որ դա բնականոն ճանապարհով լինի:

Էդմոն Մարուքյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, նշել է, որ պետք է դաշտն ազատականացնել. կուսակցություններն իրենց հունով կինքնալուծարվեն կամ կհզորանան: Պատգամավորն անդրադարձել է քաղաքական գործունեություն ծավալելու համար մեր երկրում ստեղծված պայմաններին: Նաիրա Զոհրաբյանը, դեմ չլինելով դաշտի ազատականացմանը, ընդգծել է, որ, այնուամենայնիվ, այն կուսակցությունները, որոնք չունեն լուրջ ծրագիր, համակիրների մեծ բանակ, շուրջ 15 տարի չեն մասնակցում խորհրդարանական եւ համապետական ընտրություններին, անելիք չունեն քաղաքական դաշտում: Նրա կարծիքով՝ կուսակցությունների լուծարման գործընթացը չպետք է համագումարով լինի: Խոսրով Հարությունյանը նշել է, որ 20-ից ավել առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ եւ հավելել, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում հանրային կյանքում առանձնահատուկ կարեւոր է դառնում կուսակցությունների դերը: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ որակ ապահովելու նախապայմանը քաղաքական մրցակցությունն է կուսակցությունների միջեւ: Արամ Մանուկյանը խոսել է զանգվածային կուսակցականացման վերաբերյալ եւ իր դիտարկումներն է ներկայացրել: Լեւոն Մարտիրոսյանը նախորդ օրենքի համեմատ լիբերալ է համարել այս օրենքի նախագիծը եւ կարեւորել այն հանգամանքը, որ փաստաթուղթը բխի հանրային իրական պահանջներից: Նա, խոսելով կուսակցությունների խոշորացման գործընթացի վերաբերյալ, նշել է, որ դա պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքով:

Ողջունելով նախագիծը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախաձեռնության ընդունման պարագայում հնարավոր կլինի զտել կուսակցական համակարգը բնական ճանապարհով: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն ունենալու է այնպիսի օրենք, որը վնասելու է ոչ թե կուսակցական համակարգի գործունեությանը եւ կուսակցական գործչի կողմից կուսակցական ծրագրերի տարածմանը, այլեւ պարզեցնելու եւ կարգավորելու է կուսակցություն հասկացությունը, նրա էությունը, գործառույթները եւ դերը հասարակական-քաղաքական կյանքում: Ռուզաննա Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է կուսակցությունների տարածքային կառույցների եւ ենթակառույցների գործունեությանը, կուսակցությունների գաղափարախոսական հենքին, կուսակցությունների զարգացման ու կատարելագործման ուղղությամբ իրականացվող քայլերին, կուսակցությունների խոշորացման խնդիրներին: Սամվել Ֆարմանյանն ընդգծել է, որ նախագիծը լիբերալ է եւ արժանի է խորհրդարանի միաձայն աջակցությանը: Պարոն Ֆարմանյանը խոսել է կուսակցական համակարգի կայացման խնդիրների վերաբերյալ՝ այս հարցում կարեւորելով միջին խավի ձեւավորումը: Պատգամավորը խոսել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններից:

Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի նոյեմբերի 29-ին:
 

← Վերադառնալ ցուցակին