Լուրեր

Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցութան 16-րդ համագումարին

26.11.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարի ժամանակ տեսաուղերձով ողջունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: Իր ելույթում նա նշել է.

Հարգելի նախագահ Սարգսյան,
Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,


Դժբախտաբար ես չեմ կարողացել միանալ ձեզ այսօր, բայց այնուամենայնիվ ցանկանում էի ձեզ հասցեագրել այս բարեկամական ուղերձը ձեր համագումարի կապակցությամբ, որը տեղի է ունենում ձեր կուսակցության և ձեր երկրի համար շատ կարևոր պահի:
Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, լարվածությունը թուլացնելու, նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին՝ ճանապարհին դեպի Եվրոպա:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է: Որպես իշխող քաղաքական կուսակցություն՝ դուք կրում եք քաղաքական կայունությունը վերականգնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, իրավական պետության սկզբունքներն ամրապնդելու, դատական համակարգի անկախությունն ապահովելու պատասխանատվություն: Այս ամենը կարևոր է հայ ժողովրդի համար, որն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ և կայուն երկրում: Այս ամենը կարևոր է՝ ապահովելու համար կայունություն տարածաշրջանում, որը կարող է միայն օգուտ քաղել այդպիսի երկրի գոյությունից: Այս ամենը կարևոր է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման համար, ինչը միշտ առաջ է քաշվել և աջակցության արժանացել ԵԺԿ-ի կողմից: Եվ մենք կշարունակենք ձեզ աջակցել և աշխատել ձեզ հետ, որպեսզի պաշտպանենք և առաջ քաշենք մեր ընդհանուր եվրոպական արժեքները և հասնենք գործընկերության և խորացված ու փոխշահավետ համագործակցության նոր համաձայնագրի:
Ես միշտ բարձր եմ գնահատել համագործակցությունը ձեր կուսակցության և հատկապես նախագահ Սարգսյանի հետ, որի հետ ես միշտ հետաքրքիր շփումներ եմ ունեցել ԵԺԿ-ի ընդլայնված գագաթաժողովների շրջանակներում:
Հարգելի ընկերներ, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանրաքվեի միջոցով վավերացվել է սահմանադրական բարեփոխումների ձեր ծրագիրը: Բոլոր այն քաղաքացիները, որոնք կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, անկասկած դա արել են այն հույսով, որ նոր Սահմանադրությունը՝ նոր ընտրական օրենքի հետ մեկտեղ, կկարողանա նպաստել ավելի կայուն, ավելի զարգացած և ավելի ժողովրդավարական պետության կառուցմանը: Այժմ դուք պետք է նրանց ապացուցեք, որ այդ հույսը հիմնավոր էր: Բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղ աշխատեն, որպեսզի ապահովեն, որ 2017 թվականի պառլամենտական ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ, խաղաղ, միջազգային ստանդարտներին համապատասխան: Հենց դուք եք ամենից առաջ կրում դրա պատասխանատվությունը, քանզի որքան մեծ է իշխանության չափաբաժինը, այնքան մեծ է ստանձնած պատասխանատվությունը:
Այսօր դուք քվեարկելու եք, որպեսզի վերահաստատեք ձեր վստահությունը նախագահ Սարգսյանի հանդեպ, որպեսզի ընտրեք նոր գործադիր մարմին և նոր խորհուրդ, որպեսզի հավանություն տաք մի ծրագրի, որն առաջիկա տարիներին ձեզ կծառայի որպես ուղեցույց:
Ես բարձր եմ գնահատում ձեր կուսակցության բարեփոխումների ծրագիրը երկրի բարեփոխումների ծրագրին զուգընթաց իրականացնելու ձեր նախաձեռնությունը: Ուրախությամբ տեղեկացա նաև, որ ձեր նոր ծրագիրը շարադրելու համար դուք ոգեշնչվել եք ԵԺԿ-ի ծրագրով: Դա հիանալի առիթ է՝ ամրապնդելու մեր կապերը և մեր պարտավորությունը մեր ընդհանուր արժեքների հանդեպ:
Ես ձեզ ցանկանում եմ արդյունավետ քննարկումներ ձեր ապագայի վերաբերյալ և հաջողություն եմ մաղթում բոլոր թեկնածուներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին