Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
22.11.2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանատանը։
Առանձնակի կարևորելով երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:
«Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցությունը: Նաև այս ամենը հաշվի առնելով` մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ, շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Նաուաֆ ալ Էնեզին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը` երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև երկու մայրաքաղաքների փոխգործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, պետք է ընդգծեմ, որ իսկապես տպավորված եմ Երևանի գրավչությամբ և արդեն իսկ համոզվել եմ, որ փոխշահավետ համագործակցության և ներդրումներ կատարելու համար առկա է բավականին լայն դաշտ: Ըստ այդմ վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որպեսզի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագիրը հնարավորին շուտ վավերացվի և վերածվի գործնական համագործակցության, որն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը», - նշել է դեսպանը:
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի պատասխանատուները համատեղ քննարկեն և նախանշեն Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունները: