Լուրեր
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագիծը
18.11.2016
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ շարունակելու նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել հայտնել ԱԺ պատգամավորները:
Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է նախագծի քաղաքական կողմին, բարձրաձայնել գյուղական համայնքներում, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում առկա խնդիրները: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին, եւ արդյոք նրանք փոփոխություն զգալու են իրենց կենսամակարդակում:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա տեղեկացրել է, որ գալիք տարում մոտ 650 մլն դրամով կնվազի ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է դիզվառելիքի գնանկմամբ: Ոլորտում կան խնդիրներ, որոնց լուծման համար նախատեսված են մի շարք միջոցառումներ. նախատեսված է զարգացնել անասնապահությունը, վերականգնել անասնաբույժների հաստիքները համայնքներում: Կարեւորվել է ֆերմերային տնտեսությունների զարգացումը պետական միջամտությամբ: Այս նպատակի համար ակնկալվում են դրամաշնորհներ Համաշխարհային բանկից եւ Եվրամիությունից, որոնց հետ մի շարք ծրագրեր են քննարկվում: Նախարարությունը փորձելու է նաեւ խթանել ներդրումները ոլորտում: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ներկայացված բյուջեի նախագիծը եւ կառավարության ծրագիրը որեւէ առնչություն չունեն միմյանց հետ, բացի այդ՝ քննարկվող նախագծի իրականացման արդյունքում չի կարելի ակնկալել որեւէ զարգացում ոլորտներում: Հովհաննես Մարգարյանը նույնպես անդրադարձել է կառավարության ծրագրի համապատասխանությանը պետական բյուջեի նախագծին: Պատգամավորը մտահոգիչ է համարել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, բնական աղետներից ապահովագրության բացակայությունը: Պարոն Մարգարյանը խիստ մտահոգիչ է համարել նաեւ արտագաղթը եւ այլ խնդիրներ:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել հատկացվելիք 409 մլրդ դրամի շրջանակում: Հատկացումների մեծ մասն ուղղվելու է սոցիալական վճարներին, որպես գերակայություն է սահմանվել բնակչության զբաղվածության ապահովումը, ինչի համար մի շարք ծրագրեր են նախատեսվել: Կարեւոր ուղղություն է համարվել նաեւ հաշմանդամության մոդելի վերանայումը, այստեղ նախատեսվում է ներդնել նոր համակարգ: Ծննդյան միանվագ վճարները կհատկացվեն առցանց՝ առանց տարածքային կենտրոն այցելելու: Նախատեսվում է ընդլայնել քաղաքացիներին, մասնավորապես երեխաներին մատուցվող ծառայությունների ծավալը:
Արտաշես Գեղամյանն անդրադարձել է տնտեսության ոչ բարվոք վիճակին, ներդրումների ծավալի նվազեցմանը, կարեւորել գործող տնտեսական մոդելի վերանայումն ու նոր հայեցակարգի ներդրումը: Արամ Մանուկյանը խիստ ուռճացված է համարել պետական կառավարման համակարգը: Նա նշել է, որ անկախությունից ի վեր մի քանի անգամ ավելացել է ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատողների թիվը, ինչը ենթադրում է նաեւ աշխատավարձերի ավելացում:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նա տեղեկացրել է, որ ոլորտին նախատեսված է հատկացնել 85 մլրդ 772 մլն դրամ, որով ֆինանսավորվելու են սահմանված գերակայությունները: Հատկացվելիք միջոցների 78 տոկոսն ուղղվելու է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծախսերին: Իրականացվելու են մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ծրագրեր, 3 մլրդ դրամ հատկացվելու է սրտի վիրահատություններին: Արդիականացվելու են մարզային մի շարք բուժհաստատություններ:
Մհեր Շահգելդյանն անդրադարձել է մի խումբ խնդիրների, կարեւորել տնտեսության զարգացումը, արտագաղթի կասեցումն ու ներդրումների ներգրավումը, որոնք, ըստ նրա, խիստ կարեւոր են ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Պատգամավորը մտահոգիչ է համարել երիտասարդների գործազրկությունը, որը, ըստ նրա՝ մոտ 40 տոկոս է կազմում: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է արդյունաբերության զարգացումը, խոսել վարկավորման տոկոսադրույքներից:
Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա անդրադարձել է պատգամավորների այն ելույթներին, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության ծրագրի եւ ներկայացված բյուջեի առնչություններին, ուռճացված պետական ապարատ ունենալուն, ծառայողական մեքենաների կրճատմանը, արդյունաբերության զարգացմանը: Պարոն Գաբրիելյանը նշել է, որ սեպտեմբերից հետո կառավարությունը կրճատել է չորս ծրագրի իրագործման գրասենյակ եւ մի քանի ՊՈԱԿ, նաեւ կառավարությունում պարբերաբար վերանայվում են կառավարման բոլոր կառուցվածքները եւ ծրագրերը: ՀՀ փոխվարչապետի տեղակացմամբ՝ առայսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա:
Վահրամ Մկրտչյանը կարեւորել է կրթության ոլորտում նախատեսված բարեփոխումները:
Հրանտ Բագրատյանը խոսել է նախագծում ներկայացված եկամուտների եւ ծախսերի մասին, ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկները:
Ըստ Վարդան Այվազյանի՝ արդյունավետ ծախսեր իրականացնելու դեպքում 2017 թվականին հնարավոր կլինի ունենալ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ:
Երկրի գլխավոր փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:
Ներկայացնելով ԱԺ ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ 2017 թ.-ի բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ հաջորդ տարի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն ակնկալվում: Ըստ խմբակցության ղեկավարի՝ նման կանխատեսման հիմք է հանդիսանում այն փաստը, որ նախագիծն էական ոչ մի ցուցանիշով չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից: Հեղինե Բիշարյանը մտահոգիչ է համարել գալիք տարվա բյուջեն՝ նշելով, որ նախատեսվող փոփոխությունները զգալի ազդեցություն չեն կարող ունենալ բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա, ուստի ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է՝ հասնելու այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան՝ կամք ու կառավարման արդյունավետություն: Ըստ խմբակցության ղեկավարի՝ կառավարության ամրագրած տնտեսական աճի ցուցանիշը պահպանողական է: Արմեն Ռուստամյանը կոչ է արել կառավարությանը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը, որը ոչ միայն կարեւոր սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն կունենա՝ ավելացնելով ներքին սպառումը եւ տնտեսական շարժը երկրի ներսում: ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաստաթղթին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ տնտեսական անկման լավագույն ցուցիչը տարեկան 50 հազար մարդու արտագաղթն է, եւ 18 տոկոս գործազրկությունը, ինչի մասին կառավարության ներկայացված փաստաթղթում ոչինչ չի ասված: Պարոն Զուրաբյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի եւ դրա սպասարկման վերաբերյալ՝ նշելով, որ պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով, անկում են ապրել օտարեկրյա ներդրումները:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ ոչ թե գոյատեւման, կայունացման, ծրագրերի հետաձգման, այլեւ զարգացում ապահովող բյուջե ունենալու համար երկրում պետք է կատարվեն իրական ներդրումներ: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ մրցունակ եւ զարգացող տնտեսություն եւ երկիր ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ վերացնելու ստվերը եւ մենաշնորհները: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձել է որոշ գործընկերների ելույթներում հնչած քննադատական տեսակետներին եւ նշել, որ այս բյուջեի նախագիծը պահպանողական եւ մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված փաստաթուղթ է: Խմբակցության ղեկավարը նշել է, որ, պայմանավորված արտաքին զարգացումներով՝ 2017թ.-ին կանխատեսվել է 3,2 տոկոս տնտեսական աճ: Նա անհիմն է համարել այն պնդումները, թե առնչություն չկա կառավարության ծրագրի եւ բյուջեի նախագծի միջեւ: Ըստ նրա՝ կառավարությունը չի լուծում այսրոպեական խնդիրներ. հակառակը՝ կառավարության գործունեությունը միտված է ապագայում տնտեսական զարգացում ապահովելուն: Նա իրազեկել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
Ամփոփիչ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ անդրադարձել խորհրդարանականների առաջարկներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ չորսօրյա ժամկետով ընդմիջվում է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը, եւ ԱԺ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները 24 ժամվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկները:
Այսպիսով խորհրդարանն ավարտել է ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը: