Լուրեր
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են ԵԱՀԿ և ԿԸՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրին
17.11.2016
Նոյեմբերի 14-16-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել են
«Ընտրական իրավունքների պաշտպանության կառուցակարգերը» խորագրով փորձագիտական դասընթացներ՝ կուսակցությունների վստահված անձանց համար: Ծրագրին մասնակցել են 10 կուսակցությունների ներկայացուցիչներ: Այստեղ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Հայկ Մամիջանյանը և Հայկազ Շահնազարյանը:
Ծրագրի նպատակն էր իրազեկել կուսակցությունների ներկայացուցիչներին նոր ընտրական օրենսգրքի հիմնական փոփոխություններին, մասնավորապես՝ պատգամավորական մանդատների բաշխման նոր սկզբունքներին, ներկայացնել վստահված անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փորձելով նպաստել ՀՀ-ում առավել արդյունավետ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:
Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ընտրախախտումների պատասխանատվության հիմքերին և դրսևորման ձևերին, բողոքարկման կարգերին ու ժամկետներին, քվեարկության ընթացակարգերին, քվեարկության արդյունքների հաշվարկման, վերահաշվարկման և այլ ընթացակարգային կանոններին:
Քննարկումներ և խմբային աշխատանքներ են կատարվել իրավիճակային խնդիրների, այդ թվում՝ քվեարկության հետ կապված խախտումների վերաբերյալ: