Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում ևս ստանալու է խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու հնարավորություն. Հ. Նաղդալյան

05.11.2016

« Հայաստան-25. Աշխարհը և կանայք » խորագրով համաժողովին, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 –ամյակին, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել զեկույցով, որում խոսել է Սահմանադրության փոփոխություններից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ընթացող գործընթացներից, Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձություններից, ապրիլյան քառօրյա պատերազմից:

 

,,Անցած քառորդ դարում մենք երեք անգամ փոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ինչու՞: Միայն մեկ նպատակով՝ երկրի Հիմնական օրենքը և ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցնելու համար մեր զարգացման, առաջընթացի ու նոր ձեռքբերումների մակարդակին: Մեր խնդիրն է եղել ոչ թե օրվա ընթացիկ հարցերը միայն լուծել, այլև առաջ նայել, հեռանկարը ոչ միայն տեսնել, այլև՝ ստեղծել,, , - նշել է Հ. Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահ է` Ժողովրդավարության զարգացումն իր քաղաքականության առանցքում ունեցող որևէ երկիր բարեփոխումները անելիս նախ պիտի սկսի հիմքեր ստեղծելուց և, ըստ նրա, այսօր դրա հիմքերը կան:

,, Հայաստանի Հանրապետության երրորդ Սահմանադրությունը դեռ ամբողջ խորքով չի մտել գործողության մեջ, մենք հիմա անցումային շրջանում ենք, և այս ընթացքում հատկապես կարևոր է նոր Սահմանադրության ընձեռած հնարավորություններն ու առավելությունները օգտագործելը: Եվ դա մեր խնդիրն է ու այս համաժողովում պիտի խոսենք այդ խնդիրների ու այդ ուղղությամբ մեր անելիքների մասին, որպեսզի սահմանադրական բարեփոխումներով մեր կյանք մտած փոփոխությունները դառնան բոլորիս սեփականությունը,,:

Անդրադառնալով ցեղասպանության 100-րդ տարելիցի իրադարձություններին` Հերմինե Նաղդալյանը ընդգծել է` բացի նրանից, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեզ հետ իրենց հարգանքի տուրքն էին զոհերի հիշատակին մատուցում մի քանի տասնյակ պետությունների նախագահներ, վարչապետեր, խորհրդարանների նախագահներ ու նախարարներ, ապրիլի 12-ին Հռոմի սուրբ Պետրոս տաճարում պատմության մեջ առաջին անգամ մատուցվեց հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների համատեղ պատարագ և Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ Վատիկան պետության ղեկավարն է ու միլիարդը անցած կաթոլիկների առաջնորդը, վերահաստատեց, որ հայերի հետ կատարվածը գենոցիդ է:

Իր զեկույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան խնդրին.

,, Քառորդ դար ու ավելի մենք ունենք Ղարաբաղի հարց, բայց եկեք ընդունենք, որ մենք ունենք դե ֆակտո հայկական երկու պետություն և գտնվում ենք երկրորդի դե յուրե ճանաչման ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործընթացում հայկական կողմը մշտապես կողմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցություններին և այսօր էլ հայտարարում է՝ հարցը չպիտի ու չի կարող ռազմական ճանապարհով լուծվի, այսօր էլ իր նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերով հայտարարում է՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ լինի Ադրբեջանի կազմում: Ապրիլյան պատերազմի օրերին Բաքուն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ Իսլամական պետության ահաբեկիչներից փոխառած պատերազմ վարելու իր ձևերը անհնար են դարձնում Արցախի ենթակայությունը Ադրբեջանին:

Աշխարհը դա գիտի, հասկանում է և դրանով են բացատրվում Ադրբեջանի նախագահի խուճապահար հայտարարությունները, որ նորից սահմանակցում են ռազմաշունչ պոռոտախոսությանը,,,- իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Խոսելով 2017-ի ապրիլին սպասվող յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրություններից` ՀՀ ԱԺ փոխխոսնակը վստահություն է հայտնել, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում ևս ստանալու է խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու հնարավորություն, դրա վկայությունն էին սյս տարվա սեպտեմբեր, հոկտեմբերին անցած ՏԻՄ ընտրությունները , երբ բացահայտ դարձավ, որ ՀՀԿ-ն շարունակում է վստահության քվե ստանալ ընտրողներից:

Հերմինե Նաղդալյանը մանրամասն վերլուծելով երկրում առկա խնդիրների օբյեկտիվ պատճառները` անդրադարձել է նաև նոր կառավարության գործունեությանը.

,,Կառավարության նշանակումից մեկ ամիս էլ չի անցել, բայց բոլորդ էլ կարող եք վկայել, որ վարչապետի գլխավորությամբ կառավարության ձեռնարկած քայլերը հասարակության մեջ առաջացրել են որոշակի դրական սպասումներ: Կառավարման ոճի փոփոխությունը, հրապարակայնությունը ակնհայտ են, փոխվել են ոչ միայն կադրերը, այլև՝ կառավարման նոր սկզբունքներ են գործադրվում՝ ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար պետական ապարատը: Կառավարության կազմը կիսով չափ փոխվել է, համալրումը կուսակցական չէ՝ հասարակական քննարկումներում անկուսակցական նախարարների ի հայտ գալը կառավարության կազմում գուցե ավելի շատ քննարկվեց, քան նրանց մասնագիտական որակների հարցը, բայց դա էլ նորմալ է: Կուսակցական, թե անկուսակցական են վարչապետն ու նախարարները՝ ՀՀԿ-ն եղել և մնում է կառավարության գործունեության պատասխանատուն,,,- նշել է տիկին Նաղդալյանը:

«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը իր զեկույցում չի շրջանցել նաև կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները, նշել ձեռքբերումներն ու թերացումները, անդրադարձել մարզերում ու հատկապես սահմանամերձ գոտիներում առկա իրավիճակին:
 

← Վերադառնալ ցուցակին