Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

26.10.2016

Հոկտեմբերի 26-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը տարածք տրամադրել «ՎԷՄ» կրթամշակութային հիմնադրամին: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշել է, որ «ՎԷՄ» կրթամշակութային հիմնադրամի հիմնական նպատակը ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության լուսաբանումն է, ինչպես նաև դրա տարածումը և արդիականացումը: Նաև նշվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական տարաբնույթ ծրագրեր, մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով և խնամքի կարիք ունեցող անհատներին օգնության տրամադրում և աջակցում։
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով շախմատի բարերար ազդեցությունը երեխաների մտքի ճկունության զարգացման հարցում, ինչպես նաև կարևորելով շախմատի դպրոցների անհրաժեշտությունը՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրվել «Երևանի Կենտրոնի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներին: Նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:
Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի ս.թ. նոյեմբերի 29-ին: 

← Վերադառնալ ցուցակին