Լուրեր

Հայտնի է «Ուսանողական գավաթ» մրցաշարի ֆուտզալի աղջիկների գավաթակիրը

14.10.2016

Հոկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 12-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հայտնի է ֆուտզալի մրցաշարի աղջիկների գավաթակիրը:

Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 5-0 հաշվով հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը:

Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր:

Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը:

Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն դարձան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: 

← Վերադառնալ ցուցակին