Լուրեր
Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը
13.10.2016
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,-նշել է վարչապետը: Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-ասել է վարչապետը:
Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները՝ վարչապետը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ: «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ»,-նշել է վարչապետը :
Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:
Զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանվել են արագ արձագանքման մեխանիզմներ
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել 2015թ. սեպտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, որով սահմանված է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը՝ համագործակցող կողմերը, խնդրահարույց դեպքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռևս ներառված չեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերը: Փոփոխության և լրացումների նպատակը վերոնշյալ դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացումն է: Դա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան: Խումբն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ:
Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներդրումների ծավալը կազմում է 4 150 000 000 ՀՀ դրամ, ծրագրի ընթացքում կստեղծվի 25 աշխատատեղ՝ 90 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի նպատակը նախկինում ընդունված որոշմամբ հաստատված` երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերի համապատասխանեցումն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ հաստատված ցանկերի հետ: Հանձնարարվել է ամփոփ տեղեկությունը տեղադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում:
Հաստատվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը
Գործադիրը հաստատել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը և պայմանագրի տիպային ձևը: Սահմանվում եննվիրաբերության սուբյեկտները, հանրօգուտ ծրագրերը, որոնց իրականացման համար տվյալ սուբյեկտներին կարող են նվիրաբերվել պետական գույքը, նվիրաբերություն տրամադրելու գործընթացը (քայլերը), պետական սեփականություն հանդիսացող պետական գույքի նվիրաբերության պայմանագրի տիպային ձևը, պայմանագրերի հաշվետվողականությանը ներկայացվող պահանջները:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք կառուցելու համար անհրաժեշտ հողամասով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի իրականացման գլխավոր նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Արդյունքում՝ Հրազդանի տարածաշրջանի համայնքներում կբարձրանա անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ 2016թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև կապի և տեղեկատվայնացման բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում: Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի և Տաջիկստանի տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը, ինչպես նաև հնարավորություն կտա գործարար կապեր հաստատել ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության, միջազգային կազմակերպությունների և օտարեկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակում ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով ՀՀ-ի կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է համալրել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը այնպիսի ընկերությունով, որի մասնավորեցումը թույլ կտա բարելավել տվյալ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը, ինչպես նաև մուտքեր կապահովի ՀՀ պետական և տեղական բյուջեներ: Ըստ հիմնավորման՝ օրինագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 2016թ. հուլիսի 8-ի համապատասխան հանձնարարականը` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 30-ի համապատասխան որոշումը, որի համաձայն՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում մասնավորեցման ներկայացնելու նպատակով: Նշված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է նախ ընկերության պետական բաժնեմասն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն, թե ինչպես է ակտիվացվում էլեկտրոնային թվային ստորագրությունը, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը, հավաստագրի դադարեցման, կասեցման հիմքերը, կսահմանվի, թե նույնականացման քարտ չունեցող անձինք ինչպես են ստանում էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին հոկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գործադիրն ընդունել է «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան որոշում: Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ տեխնիկական բնույթի մի քանի փոփոխությունների ընդհանուր գաղափարն այն է, որ կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումները, այդ թվում՝ Քաղաքաշինական պետական տեսչության, հիմնականում խոշորացվում են: Կարեն Կարապետյանը կոմիտեի նախագահից հետաքրքրվել է՝ վերակազմավորման ընթացքում կրճատում արվում է, թե ոչ: Ի պատասխան Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ գոյություն ունեցող ստորաբաժանումները խոշորացվելու են, ինչի արդյունքում լինելու են կրճատումներ: ՀՀ վարչապետը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականին, մեկ անգամ ևս հիշեցրել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ: «Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Պարզեցնում ենք կառավարումը՝ մեկ, կրճատում ենք՝ երկու: Ավելորդ կառույցներից, ՊՈԱԿ-ներից, ԾԻԳ-երից հրաժարվում ենք: ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ դրանցից հրաժարվում»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության որոշմամբ բացառության կարգով Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը կշարունակվի մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ տարհանված բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման ընթացակարգին: Այն կկարգավորի տարհանված բնակչության կենսաապահովման գործընթացը, որը կկանոնակարգի տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը և կբարձրացնի դրանց արդյունավետությունը:
Կառավարությունը հաստատել է Տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը: Արդյունքում՝ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմներ: Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը սահմանել է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները:
Գործադիրի որոշմամբ Մասիս Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար։ ՀՀ վարչապետը շնորհավորել է պարոն Բաղդասարյանին: