Լուրեր
Երևանի և Փարիզի քաղաքապետերը շրջել են գիշերային տոնական Երևանում
08.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային տոնական Երևանում: Երկու մայրաքաղաքների ղեկավարները նախ այցելել են Հանրապետության հրապարակ, հետևել երգող շատրվանների աշխատանքին: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից է և մշտապես մարդաշատ է:
Հրապարակում մեկնարկած ֆլեշմոբի մասնակիցներն իրենց յուրօրինակ ողջույնն են հղել երկու քաղաքապետերին և պարի հրավիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Անն Իդալգոն Երևանից ստացած իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին ու ընդգծել, որ իսկապես տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ջերմությամբ ու հարմարավետությամբ և Արևի քաղաք Երևանից Փարիզ կտանի հաճելի շատ հուշեր: