Լուրեր
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը
29.09.2016
Ավարտվել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը, որին ֆորումի մասնակից յուրաքանչյուր երկրից ներկա են եղել 2-ական կուսակցության ներկայացուցիչներ: Նիստին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հայկ Մամիջանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Ամփոփվել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ ֆորումի արդյունքները, այնուհետև քննարկվել են համանուն 5-րդ ֆորումի իրականացման ժամկետներն ու կազմակերպչական այլ մանրամասներ:
Անդրադարձ է կատարվել քաղաքական գործընթացներում և դրանց կազմակերպման մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը տարածաշրջանում, ինչպես նաև ժողովրդավարության հիմնական գաղափարների աղճատման և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առցանց միջոցների ստեղծման հեռանկարներին:
Քննարկվել է ևս մեկ փոքր ֆորումի իրականացման հնարավորությունը, որին, նախնական պայմանավորվածության համաձայն, կմասնակցեն նաև ԼՂՀ քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները:
Նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել NIMD-ի և ՀՀԿ միջև երկկողմ համագործակցության խորացման, մասնավորապես` ՀՀԿ քաղաքական դպրոցի գործունեությանը NIMD-ի աջակցության վերաբերյալ` արտերկրից դասախոսների ներգրավմամբ: