Լուրեր

Չինաստանում մեկնարկել է Մետաքսի ճանապարհի կանանց առաջին համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

19.09.2016

Չինաստան –Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակներում` Չինաստանի ժողովրդական հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում Սեպտեմբերի 19-ից 23-ը անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվեց այսօր` սեպտեմբերի 19-ին:
Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով` համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած կանանց պատվիրակությունը` հետևյալ կազմով`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը և «Առավոտ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը:

Կանանց առաջին համաժողովին մասնակցում է շուրջ 150 մասնակից, որոնցից մոտ վեց տասնյակը Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 22 երկրներից: Համաժողովն իր շուրջն է համախմբել բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների` նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, մարդու իրավունքի պաշտպանների, դիվանագետների, հասարակական և պետական մարմինների ներկայացուցիչների:

Համաժողովի աշխատանքների սկզբում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, որտեղ ներկայացրել է խորքային վերլուծություն , որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում և լայն քննարկման առարկա դարձել մասնակիցների կողմից: Տիկին Նաղդալյանը իր ելույթում մասնավորապես կարևորել է խաղաղությունն ու կայունությունը աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալից ձեռքբերումներից է, եղել է ոչ միայն պատմական երևույթ, այլև կարևորագույն դաս ապագայի համար:
Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` տիկին Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում այսօր իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններն ունի, այլև՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ և ԱՊՀ-ում այսօր առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Իր ելույթում տիկին Նաղդալյանը անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, և ընդգծել, որ այն նոր հնարավորություններ է բացում մեր երկրի առաջ : Եզրափակելով իր ելույթը` տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ 21-րդ դարը
լինելու է սոցիալական գործընկերության, իրական սոցիալական համաձայնության դար, որի հիմքերը դրվում են հիմա, նման հանդիպումներում:

Մետաքսի ճանապարհի կանանց առաջին համաժողովի շրջանակներում հրավիրվել են թեմատիկ քննարկումներ և կլոր սեղաններ` « Ինտերնետ. զարգացման տարածք կանանց համար. », «Կանանց լիդերությունը և տնտեսական էֆեկտիվությունը», և «Կանանց զբաղվածությունն ու ձեռներեցությունը» ենթաթեմաներով, որոնց մեր պատվիրակության անդամները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:

Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպում է ունեցել Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի փոխնահանգապետ պարոն Էրկին Թունիազի հետ և քննարկել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կարևորությանը և հեռանկարներին առնչվող հարցեր: Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Կանանց ֆորումին հայկական պատվիրակությանը մատուցված ջերմ ընդունելության համար և կարևորել ֆորումի աշխատանքները:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Սինցզյան նահանգի կանանց կազմակերպության նախագահի հետ , ինչպես նաև, առանձնազրույցներ ունեցել համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ:


 

← Վերադառնալ ցուցակին