Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը

09.09.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու դեպքում էլ Հայաստանը մշտապես ստացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, կարեւորել է դրանց ղեկավարների մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները բարեկամական են եւ իրենք ուրախ են Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին այստեղ գտնվելու համար: Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշել է, որ արվում է ամենը՝ ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք անհանգստացած են Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը դարձավ բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ: Նա նշել է, որ իրենք անցյալ տարի եղել են շփման գծում եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնել օգնելու արցախցի երիտասարդներին: Ըստ նրա՝ այսօր այդ ծրագրերն իրականություն են դառնում:

Հանդիպմանը կարեւորվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների առավել սերտացումը, անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին:
 

← Վերադառնալ ցուցակին