Լուրեր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում
08.09.2016
Հարգելի գործընկերներ,
2014 թ. մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:
Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առևտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ:
Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը՝ մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:
Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Հանրապետության Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը:
Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:
Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականացվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:
Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը:
Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով:
Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը:
Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը. Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը:
2015 թ․հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարևոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են։
Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը, էապես բարելավվեց արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերի կատարողականը: 2013 թ. ցածր կատարողականն արդեն 2014 թ. արձանագրեց էական բարելավում, իսկ 2015 թ. կատարողականն ավելացավ ավելի քան 35 մլրդ դրամով՝ հասնելով շուրջ 100 մլրդ դրամի, ինչի արդյունքում ծրագրերը գերակատարվեցին 25 տոկոսով:
Չնայած 2015 թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8 տոկոս աճ:
Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:
Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. ապագա ամիսների աճը ցույց կտա գյուղատնտեսության դեռևս չսպառված ներուժի, էներգետիկայի սեզոնայնության դրական ազդեցությունները, իսկ եկող տարվա աճը վեր կհանի մեր ստեղծած առողջ նախադրյալները:
Ուզում եմ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարը: Այն բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով:
Կառավարությունը, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով, նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը:
Այդ ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթը, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բևեռացված հասարակությունը:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը: