Լուրեր
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով
30.08.2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ արդեն իսկ նորոգված ու հարմարվետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին կդիմավորեն նաև նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ, աննախադեպ ծրագիր է: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ քաղաքապետը վստահեցրել է, որ վերջին տարիներին հետևողականորեն կյանքի կոչվող բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
«Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական և արվեստի դպրոցներում հարմարվետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ: Մինչ այդ թե՛ մշակութային օջախների կոլեկտիվների և թե՛ ծնողների կողմից մշտապես բարձրացվել են հրատապ լուծում պահանջող տարբեր հարցեր, որոնք, սակայն, հնարավոր չի եղել լուծել: Բայց վերջին երեք տարիների ընթացքում ժամանակին բարձրացված այդ հարցերն ու առաջարկները մենք դարձրեցինք առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքային ծրագրեր՝ մշակութային օջախների հիմնանորոգման տեսքով: Եվ այսօր կարող ենք ասել, որ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները գրեթե 90 տոկոսով հիմնովին նորոգված են: Սա իսկապես մեծ ձեռքբերում է թե՛ Երևանի և թե՛ մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ: Այսօրվանից սկիզբն ենք դնում նաև Երևան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի, որի շրջանակում մենք հետևողականորեն կթարմացնենք նաև մեր երաժշտական ու արվեստի դպրոցների երաժշտական գործիքները: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ զարգացման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Նաև համոզված եմ, որ մեր տաղանդաշատ երեխաների և, իհարկե, վաստակաշատ մանկավարժների հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կբազմապատկենք այն բոլոր ձեռքբերումները, որ վաստակել են մեր սաները թե՛ Հայաստանի և թե՛ արտերկրի տարբեր փառատոներում: Ձեզ հետ միասին մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի միշտ բարձր պահենք թե՛ մայրաքաղաքի և թե՛ մեր երկրի պատիվը»,- ընդգծել է քաղաքապետն ու նոր ուսումնական տարվան ընդառաջ բարի երթ մաղթել երեխաներին:
Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետևողական վերաբերմունքի համար՝ երաժտական և արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ և նոր երաժշտական գործիքներ ունենալուն:
Հանդիսավոր արարողության շրջանակում ներկաներին իրենց կատարումներով ողջունել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաները: