Լուրեր
Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է բակային ճամբար
24.08.2016
Օգոստոսի 18-ից Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի ծայրամասային <<Տարոն>> թաղամասում անցկացվում է <<Երեխաներն են մեր ներկան և ապագան>> խորագրով բակային ճամբարը:
Տասնօրյա տևողությամբ ճամբարի երկու` 4-8 և 9-13 տարեկան տարիքային խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է ավելի քան 80 երեխա, որոնց թիվն ամեն օր ավելանում է:
Ամառային խաղաշատ առօրյայից անցումը նոր ուսումնական տարվան դարձել է ավելի հեշտ` շնորհիվ Լոռեցի ՀՀԿ-ական փորձառու ջոկատավարների, որոնք համատեղում են ամառային հանգստի վերջին օրերը նոր գիտելիքներով հարստացմամբ և ուրախ խաղային մթնոլորտով:
Ճամբարի հիմնական նպատակը երեխաների նախադպրոցական օրերն առավել բովանդակալից և հետաքրքիր դարձնելն է` կազմակերպելով ժամանցային միջոցառումներ` մշակութային հագեցած ծրագրով, մանկական շոու-ծրագրերով, պահպանելով ավանդական բակային խաղերը նոր սերնդի շրջանում և բարձրացնելով հայրենասիրական ոգին:
Ինտելեկտուալ, մշակութային, սպորտային միջոցառումները դարձել են ճամբարականների ամենօրյա ուրախ միջավայրի հիմնական բաղադրիչները, իսկ կատարած աշխատանքի լավագույն ապացույցն ու գնահատականը փոքրիկների ուրախ ու ժպտացող աչքերն են:
Հավելենք, որ <<Տարոն>> բակային ճամբարը ողջ ընթացքում գտնվում է ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ Արման Սարգսյանի անմիջական հսկողության ներքո: