Լուրեր

«Վերնիսաժի» տարածքում կխստացվի առևտրի կանոնակարգման հարցը

01.08.2016

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարությունը և հողազավթումները կանխելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 8 դեպքի մասով, բացի այդ, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 1 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը՝ համագործակցելով վարչական շրջանների և ոստիկանության հետ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 7 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:


Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 80 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել աղբահանության վերահսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար «Վերնիսաժի» տարածքում առևտուր իրականացնող անձանց գործունեությունը շարունակում է կազմակերպվել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին և առևտրի կանոնակարգման հարցի վերաբերյալ բացատրական աշխատանքներ տանել վարձակալի հետ:


«Հետևեք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և համապատասխան որակով: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տարածքի վարձակալի հետ՝ չնախատեսված ապրանքատեսականու վաճառքը տվյալ տարածքում բացառելու համար: Այս հարցում եղեք խիստ և հետևողական»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները, և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օգոստոսի վերջ մայրաքաղաքում կվերագործարկվի 381 հիդրանտ:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:


 

← Վերադառնալ ցուցակին