Լուրեր

Անապահով ընտանիքները լրացուցիչ օժանդակություն կստանան

29.07.2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ: 2016թ. օգոստոսի 1-ին ավարտվում է ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության՝ սակագնի սուբսիդավորման ժամկետը, որից հետո այն բնակչության համար 4.32 դրամով ավելի կլինի: Դա նշանակում է, որ 202 կՎտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարվի 1000 դրամ ավելի: Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար կառավարության որոշմամբ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացվել է 1000 դրամով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարման լրացուցիչ ծախսը: Այսպիսով, նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ դառնալով 31 հազար 350 դրամ:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է ներկայացված որոշման նախագիծը. «Եթե հիշում եք՝ 2015թ. օգոստոսի 1-ից 6 դրամ 93 լումայով թանկացավ հոսանքը, և ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը քննարկեցին հարցն ու որոշում կայացրին, որ այդ ավելացման ծախսը մինչև 250 կՎտ ծախսող ընտանիքների համար կստանձնեն կառավարությունն ու «Տաշիր» ընկերությունը: Եվ քանի որ ս.թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազում է 2.58 դրամով, այսինքն 6.93-ի փոխարեն ունենում ենք 4.35 դրամ, այդ ընտանիքների համար հոսանքը թանկանում է 4.35 դրամով: ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո որոշում ընդունեցինք, որ 112 հազար 300 ընտանիքի այդ ծախսը օգոստոսի 1-ից կառավարությունը վերցնի իր վրա: Այսինքն՝ մինչև այս տարվա վերջ՝ հինգ ամսվա ընթացքում, մենք կառավարության միջոցներից վճարելու ենք 561 մլն դրամ, իսկ 2017թ. միջնաժամկետ ծրագրում նախատեսել ենք 1 մլրդ 150 մլն դրամ»:


Կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը


ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկը, 2013թ. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, և «Տանգո» ՓԲԸ միջև կնքվել է Երևան քաղաքի Կառավարական 2-րդ մասնաշենք հասցեում գտնվող 14241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասի օտարման պայմանագիր: Գույքի օտարման գինն է ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ընկերությունը մինչև օրս վճարել է շուրջ 39.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վճարման ենթակա է մոտ 12 մլն դոլարին համարժեք դրամ: Քանի որ գույքն ընկերությանը հանձնելու գործընթացը ձգձգվում է, կառավարությունն ընդունել է «Տանգո» ՓԲԸ-ի առաջարկը և իր որոշմամբ վերջին վճարումից նվազեցրել 418 հազար դոլարին համարժեք դրամը և վեց ամսով երկարաձգել գնի մնացորդի վճարման վերջնաժամկետը:

Կապահովվի Ոսկեվանի դպրոցի անվտանգությունը


ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման նպատակով: Մարզի համայնքների դպրոցների անվտանգությունն ապահովող հենապատերի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությունների հիման վրա:
Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվել հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար:
Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով երկրի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել 7 օբյեկտում իրականացնել հենապատերի վերականգնման, փլուզման և սողանքի հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այդ նպատակով ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի խնայված միջոցներից ներծրագրային վերաբաշխում է կատարվել մոտ 8 մլն դրամի չափով:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և Եվրամիությունից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռազմավարության վրա բավական աշխատանք է կատարվել, և կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, որով պետք է շարունակի առաջ գնալ:
Կառավարությունը որոշել է երեք տարով հետաձգել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ ներմուծած ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրանքի անվանացանկը՝ իրականացնելով շուրջ 2.4 մլրդ դրամ ներդրում, որից 816 մլն դրամը՝ վառարաններ ձեռք բերելու համար:


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը: Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-լիդեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար:
Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու արձանագրության նախագծի կնքմանը: Դրա արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող միգրացիայի ոլորտում Ղազախստանի հետ համագործակցության հարցերը՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ՂՀ տարածքում գտնվելու, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:
Կառավարության հավանությունն են ստացել Ղրղզստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման և հաշվառման համաձայնագրին միանալու, Ուզբեկստանի Հանրապետության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանները սահմանելու և Տաջիկստանի Հանրապետության հետ՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները:


Օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող դատապարտյալներն ունենան ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարվի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Ըստ կառավարության եզրակացության՝ տույժի դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-«Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960թ. դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ 2012-2015թթ. ազգային զեկույցը,
-Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Միրզախանյանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Կորյուն Աթոյանի ընտրությունների արդյունքները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, Տնտեսագիտական համալսարանի խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում է հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից: 

← Վերադառնալ ցուցակին