Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
26.07.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ նրա աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում: ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ Հայաստանից գնում է լավ հիշողություններով:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը վստահեցրել է, որ դրանք հաստատուն հիմքերի վրա են եւ շարունակում են զարգանալ: Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին: