Լուրեր
Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացված DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպման ընթացքում
25.07.2016

Հուլիսի 21-24-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը` <<Միգրացիոն հոսքեր. մարտահրավերներ և հնարավորություններ>> խորագրով: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև DEMYC-ի փոխնախագահ:
Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կապված են ներկայիս միգրացիոն ճգնաժամի, դրա խորացման ռիսկերի և հաղթահարման ուղիների հետ:
Ամառային դպրոցի շրջանակում քննարկումներ եղան ընթացիկ միգրացիոն հոսքերի, դրանց խնդիրներին Եվրոպայի արձագանքման և տեղական էկոհամակարգեր վերջիններիս ինտեգրման հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին Եվրոպայում կատարված ողբերգական ահաբեկչություններին և կոչ արվեց միասնական լինել և համատեղ ուժերով պայքարել նմանատիպ գործողությունների դեմ:
Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպումը, որի ժամանակ ընդունվեցին բանաձևեր միգրացիոն ճգնաժամի և միգրացիոն հիմնահարցերի հետ կապված: Բանաձև ընդունվեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` բացասական դիրքորոշմամբ: