Լուրեր

Տավուշեցի ՀՀԿ-ական երիտասարդները մարզային ճանաչողական այցերի շրջանակում ուխտագնացություն կատարեցին դեպի Ջուխտակ վանք և այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

22.07.2016

Հուլիսի 21-ին ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության Նոյեմբերյանի և Դիլիջանի շրջանային երիտասարդական կառույցների համատեղ նախաձեռնությամբ շուրջ 30 երիտասարդներ ուխտագնացություն կատարեցին դեպի Ջուխտակ վանք:


Մինչ վանք հասնելը երիտասարդները հանդիպում ունեցան Տեր քահանա Շավարշի հետ, ով մանրամասն պատմեց Ջուխտակ վանքի պատմությունը` հղում անելով պատմական աղբյուրներին և նշելով, որ այն հին ժամանակներում եղել է նկարչության կարևոր դպրոցներից մեկը: Հանդիպումից հետո երիտասարդները եղան վանքի տարածքում և մոմավառություն կատարեցին:

Հաջորդիվ երիտասարդներն այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ: Թանգարանում նրանց ուղեկցեցին համապատասխան արվեստագետ մասնագետները և ներկայացրին թանգարանի պատմությունը, համաձայն որի թանգարանի նախկին շենքը կառուցվել է 1926 թ.-ին` որպես հյուրանոց, այնուհետև օգտագործվել է որպես հիվանդանոց, հետագայում` դարձյալ հյուրանոց: 1967 թ.-ին վերանորոգումից հետո հանձնվել է Դիլիջանի երկրագիտական թանգարանին: 2005 թ.-ին հին շենքը քանդվել է, և 5 տարվա ընթացքում կառուցվել է նոր շենքը` Դիլիջան քաղաքի ֆինանսավորմամբ և քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանի նախագծով:

Թանգարանի պատմությանը ծանոթանալուց հետո երիտասարդներին ներկայացվեցին թանգարանի մեծարժեք ստեղծագործությունները, այդ թվում` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի բնօրինակ աշխատանքները:
Այցելության ընթացքում մասնակիցները թանգարանի աշխատակցից ստացան իրենց հետաքրքրող տարատեսակ հարցերի պատասխաններ և միմյանց հետ կիսվեցին ստացած տպավորություններով:

Հավելենք, որ այցերի նպատակն է խթանել մարզային պատմամշակութային արժեքների նկատմամբ երիտասարդության հետաքրքրվածության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ուստի նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին