Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին` դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ
13.07.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած նպաստավոր համագործակցության համար և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Գալուստ Սահակյաննընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման տեսանկյունից: Այս համատեքստում նա կարևորել էՀայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի դերը:
Անդրադառնալով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցությանը՝ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները միջազգային հարթակներում հանդես կգան փոխադարձ հավասարակշռված մոտեցումներով:
Գեորգի Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում արել է հնարավորը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:
Դեսպանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքը, ինչպես նաև կարևորել է միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:
Խոսելով Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրներից` նա վստահեցրել է, որ հայերն այնտեղ պաշտպանված են, ապրում և ստեղծագործում են ինչպես Բուլղարիայի լիիրավ քաղաքացիներ:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ հայ և բուլղար ժողովուրդների միջև վաղեմի բարեկամությունը, մշակութային առնչությունները նպաստավոր հիմք են հանդիսացել երկու պետությունների հարաբերությունների զարգացման համար: