Լուրեր

Առևտրի օբյեկտներում սննդի պիտանելիության ժամկետների և որակի խախտման դեպքեր չեն արձանագրվել

11.07.2016

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 36 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող արգելապատնեշների հեռացման ուղղությամբ:


Զեկուցվել է նաև, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, ավարտվել են արգելափակման սարքերի տեղադրման և փորձարկաման աշխատանքները:


Անդրադառնալով ավտոկայանատեղերում որոշ անձանց կողմից կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերին՝ քաղաքապետն իր դժգոհությունն է հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից:


«Տևական ժամանակ է, ինչ խստացված հսկողություն է իրականացվում այս ուղղությամբ, սակայն արդյունքները հեռու են բավարար լինելուց: Դեռ շարունակվում են գրանցվել դեպքեր, երբ ոմանք ապօրինի գումարներ են գանձում վարորդներից, ինչն ուղղակի աններելի է: Այս հարցում ակնկալում եմ ավելի խիստ վերահսկողություն, ընդհուպ որոշակի քրոնիկ վայրերում ՃՈ հետ համատեղ մշտական հսկողության կազմակերպում, որպեսզի վերջնականապես վերացնենք այդ արատավոր երևույթը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում շարունակվում է հսկողությունը վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ։ Նախորդ շաբաթ մայրաքաղաքի շուրջ 299 խանութներում և հանրային սննդի կետերում իրականացված ստուգայցերի ընթացքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել:


Զեկուցվել է նաև, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ գրանցվել է 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված հսկողությունը: 

← Վերադառնալ ցուցակին