Լուրեր

Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվում է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցը

08.07.2016

Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում իրականացվող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի արդեն նոր ուսումնական տարում կրթօջախն իր դռները բացի նորոգված ու հարմարավետ պայմաններով:


«Կրթամշակութային օջախներում հարմարավետ պայմանների ապահովումը մեզ համար առաջնային խնդիր է, և այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից միջոցներ հատկացվեց նաև հանրակրթական դպրոցի հիմնանորոգման համար: Սա փորձնական ծրագիր է, և Հանրապետության Նախագահի առաջարկով ընտրեցինք թիվ 88 դպրոցը, որը միակն է ամբողջ Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է և ինչպես վստահեցնում են պատասխանատուները, մինչև սեպտեմբերի 1-ն այն ամբողջությամբ կավարտեն: Փորձելու ենք հաջորդ տարիներին շարունակել այս մոտեցումն ու մասնակից դառնալ հանրակրթական դպրոցների վերանորոգման ծրագրերին ևս», - ընդգծել է քաղաքապետը:


Շնորհակալություն հայտնելով ծրագիրը կյանքի կոչելու համար՝ դպրոցի տնօրենը նշել է, որ տասնամյակների կուտակված խնդիրներն անմխիթար վիճակ էին ստեղծել դպրոցում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգման արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվի կրթօջախ հաճախող շուրջ 900 աշակերտների համար: 

← Վերադառնալ ցուցակին