Լուրեր
Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպել էին միջոցառում մարզկենտրոն Վանաձորում
06.07.2016
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ Սահմանադրության օր:
Սահմանադրությունը պետության և հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական իշխանության մարմինների համակարգը:
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ին` համաժողովրդական հանրաքվեով: Այդ կապակցությամբ հուլիսի 5-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները բնակչության ուշադրությունն էին հրավիրել սահմանադրական նորմերի, մարդու իրավունքների և ազատությունների վրա:
Երիտասարդները, շրջելով մարզկենտրոն Վանաձորում, քաղաքացիներին նվիրեցին 2015 թ.-ին թողարկված ՀՀ պաշտոնական տեղեկագիրը, որն իր մեջ ընդգրկում է նաև սահմանադրական վերջին փոփոխությունները:
Երիտասարդ կուսակցականները քաղաքի մեծ ու փոքր բնակիչների հետ բովանդակալից զրույցներ ունեցան սահմանադրության նորմերի, ինչպես նաև վերջին փոփոխությունների վերաբերյալ:
Հավելենք, որ սահմանադրությունն անհրաժեշտ պայման է պետության կայացման համար. այն պետության և անհատների միջև հարաբերությունների կարգավորման գործոն է: Ուստի պետք է կարևորել սահմանադրության և դրանում կատարվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության իրազեկվածության դերը: