Լուրեր
Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին
28.06.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:
Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում: Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն իսկ արտահանվել է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир»-ի պատվերով: Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: