Լուրեր

Բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնությունն ավելի մատչելի կդառնա

23.06.2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրին, որի նպատակն է նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ՀՀ ամբողջ տարածքում բարելավել բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ կազմակերպումը, որակի և արդյունավետության շարունակական կատարելագործումը, ինչպես նաև նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը: Որոշմամբ առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողությունները, մասնավորապես, բարելավել տեղեկատվական բազան` առաջնահերթ խնդիրները որոշելու համար, խթանել առողջապահական համակարգի բարեփոխումները, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը, նվազեցնել մայրական և պերինատալ հիվանդացությունն ու մահացությունը, ներդնել վերարտադրողական առողջության ոլորտում ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումներ, տեխնոլոգիաներ, նպաստել նորածինների սեռերի անհամամասնության նվազեցմանը, կանխարգելել և նվազեցնել անպտղության մակարդակը, վերարտադրողական օրգանների քաղցկեղը, ամրապնդել վերարտադրողական առողջության պահպանման մշտադիտարկման, գնահատման և հաշվետվության համակարգերը, իրականացնել վերարտադրողական ծառայություններ տրամադրող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացում և հմտությունների կատարելագործում: Որոշման ընդունման նպատակն է նաև վերարտադրողական առողջապահական համակարգի կառավարման նոր մոտեցումների ներդրմամբ համակարգում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և դրա կառավարման արդյունավետությունը, բարելավել ՀՀ բնակչության սեռական և վերարտադրողական առողջությունը` հնարավորություն տալով նրանց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին:

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում քաղաքացիներին ներկայումս մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնմամբ և որակի բարելավմամբ՝ հաշվի առնելով նշված ոլորտում գործնականում առաջացող մի շարք խնդիրները: Որոշմամբ՝ կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, կներդրվեն նոր ծառայություններ, որոնք միտված են բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խնայել քաղաքացիների միջոցներն ու ժամանակը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների նոր տեսակների ներդրման արդյունքում հնարավոր կլինի նաև նշված ոլորտում բացառել ստվերային շրջանառությունը, ազատել քաղաքացիներին նշված ծառայությունները ստանալու նպատակով մի շարք մարմիններ դիմելու ավելորդ քաշքշուկներից և մեկտեղել որոշ ծառայությունների մատուցմանն ուղղված գործողությունները: Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումերի կողմից «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցման հնարավորության ապահովումը, որի արդյունքում սահմանված արտաբյուջետային վճարումներն էլ իրենց հերթին թույլ կտան որոշ չափով հոգալ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի հետ կապված պարտադիր ծախսերը և նյութատեխնիկական ապահովումը։ Նշված ծառայությունների ներդրումը էականորեն բխում է նաև քաղաքացիների շահերից, քանզի դրանց արդյունքում վերջիններիս հնարավորություն է տրվում առավել դյուրին եղանակով և ողջամիտ ժամկետներում ստանալ պատշաճ որակի ծառայություններ՝ ազատվելով դրանց հետ կապված որոշ անհարկի գործողությունների կատարման անհրաժեշտությունից և ժամանակի կորստից: Նշված ծառայությունների մատուցումը էլեկտրոնային համակարգի կիրառմամբ իր հերթին նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին իրենց ֆիզիկական ներկայությունը ապահովելու անհնարինության դեպքում նշված ծառայությունները ստանալ էլեկտրոնային համակարգի միջոցով։


Կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, այդ թվում նաև վերը նշված քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է շարունակել ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը: Հիմնադրմանը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կհանդիսանա կառավարության մոտեցումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն իրականացնելու գինեգործության ռազմավարությունով ամրագրված զարգացման ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը կարևորելով որոշման ընդունումն՝ ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունից լուրջ արդյունքներ է ակնկալում:


Կապահովվի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթաց

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումնրից մեկում՝ սահմանելով կարգ, ինչը հնարավորություն կտա գործնականում անխոչընդոտ ապահովելու հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությանը՝ ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում: Հստակեցվել է, որ դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել երեխայի իրավունքներով զբաղվող և կրթության ոլորտում փաստացի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները: Որոշումը կնպաստի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովմանը: Արդյունքում՝ կկանոնակարգվեն հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ որպես դիտորդների, գրանցման և ընտրության գործընթացին նրանց մասնակցության հետ կապված հարաբերությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը, քանի որ հաճախ դժգոհություններ են հնչում այս ընտրական գործընթացների կապակցությամբ:
Կառավարությունը հաստատել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և ուսանողներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներից ելնելով: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ այսօր վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն եւ կա հստակ վարչապետի հանձնարարականը. հաշվի առնելով նաև այս հարցի սոցիալական ուղղվածությունը և միջին մասնագիտական կրթական հաստատություններում անվճար տեղերի կարևորությունը, առաջարկվել է առողջապահության նախարարության հետ հարցը վերջնական քննարկել: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կա նաև վարչապետի հանձնարարականնընդհանրապես վերանայել քոլեջային միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտական խորացվածության հիմնավորումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առողջապահության ոլորտում անվճար տեղերի հատկացման գծով լուրջ քննարկման անհրաժեշտություն կա և հորդորել է բոլոր գերտեսչություններին ևս մեկ անգամ քննարկել հարցը:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներդրումների կատարման համար ժամկետը երկարաձգելով մինչև 2019 թվականը:


Հրազդան համայնքին կհատկացվի 150 մլն դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով: Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120.0 մլն ՀՀ դրամի չափով), ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով): Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ հարցը քննարկվել է Նախագահի հետ, և նշել, որ կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կրճատում են և հատկացնում Հրազդան քաղաքում վերոնշյալ աշխատանքները կատարելու համար:
Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային խնդիրների լուծման գործընթացի բարելավման նպատակով գույքի ձեռքբերման համար:

Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կկառուցվի հիդրոէներգոկասկադ

Գործադիրի որոշմամբ «Խաչատրյան եղբայրներ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016թ. մայիսի 12-ից մինչև 2016թ. օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.9 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որից մոտ 489 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 120, 2017թ. 130 և 2018թ. 140 հազար դրամ:
Կառավարութունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:


Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները. թեև Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդների համար կազմակերպվող դասընթացի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ապահովումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել մասնագիտական դասընթացներին մասնակցության եւ որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պահանջները: Գործող Ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի էականորոն վերնայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող» բառերը փոխարինել «Հանրային ծառայող» բառերով, պայմանավորված մեկ միասնական հասկացություն կիրառելու անհրաժեշտությամբ:
Փաթեթի հաջորդ նախագծով առաջարկվում է.Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում առցանց ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից: Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում՝ քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքերում, երբ անձը չի եղել Հայանստանի Հանրապետության տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել նույնականացման քարտ, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքերով: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ ամրագրել դրույթ, ըստ որի տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուին կամ կուսակցության վստահված անձանցից մեկին հնարավորություն է տրվում օրենքով սահմանված ժամկետում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով և ստանալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն:
Այս նախագիծը նախատեսում է նաև անցումային դրույթներ, որը կարգավորում է նախագծի ուժի մեջ մտնելու հետ կապված առաձնահատկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով` սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը և աշխատանքային խումբն՝ ընդառաջ գնալով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին՝ ընդունել է լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ, որը պահանջում է լուրջ ֆինանսավորում: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ծրագրի ֆինանսավորման հետ կապված աշխատանքներ են տարվում պոտենցիալ դոնոր կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է շուրջ 16 մլն դոլար: Վիգեն Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն պոտենցիալ ընտրողների մատնահետքեր հավաքելուն, որը պահանջում է հսկայական աշխատանք: «Եվ եթե հնարավոր լինի ծրագրի իրականացումը ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն դոնորական գումարներով, ապա նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի ծրագիրը իրականանալի դառնա: Դա հենց կառավարության և պետության բարի կամքի դրսևորումն է դեպի այս գործընթացը և ցանկությունը՝ ապահովելու թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխան», - նշել է Վիգեն Սարգսյանը:

 


Այլ որոշումներ

Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի նախագահին 2016թ. հունիսի 27-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Կառավարությունը սահմանել է փախստականի նույնականացման քարտի և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագրերը: Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու համար գանձվող վճարի չափը և այդ փաստաթղթերը տրամադրելու (փոխանակելու) ժամկետները: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը սահմանել է փախստականների էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև նրանց էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը:
Կառավարության որոշմամբ՝ ԿԱ ՀՀ ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերը՝ նվիրաբերվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ դրանք ԼՂՀ ԿԱ ոստիկանությանը հանձնելու պայմանով։
Գործադիրը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին 1992թ. նոյեմբերի 13-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը, որի նպատակն է բնակչության սոցիալական պաշտպանության, աշխատաշուկայի և բնակչության զբաղվածության ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության հետագա զարգացումը: Նախագծով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի վերանվանում, և համապատասխանաբար, ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի ստեղծում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և նախարարության Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվիրատվությամբ 2010-2015թթ. իրականացված մի շարք շինարարական օբյեկտների ավարտման և շահագործման անհրաժեշտությամբ պայմանավորված` կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ 2016թ. պետական բյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է 2016թ. պետական բյուջեի եկամուտների տարեկան ծրագրային ցուցանիշներում չարտացոլված 129.6 մլն դրամի չափով լրացուցիչ եկամուտների ստացման ակնկալիքով:
Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող, տարբեր գերատեսչական մարմիններին ամրացված 383 միավոր տրանսպորտային միջոցները հետ են վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: ԿԱ պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ հաշվառված 798 տրանսպորտային միջոցներն արդեն իսկ դարձել են 1082, որովհետև ավելացվել են նաև ՀՀ ոստիկանության և Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցները: Ավտոմեքենաների գնահատման գործընթացները սկսվել են, որոշ մրցույթնր արդեն հայտարարված են:
Վարչապետը հանձնարարել է գերատեսչություններին, ովքեր որ չեն հասցրել հանձնել տրանսպորտային միջոցները՝ արագացնել գործընթացը:
 

← Վերադառնալ ցուցակին