Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

20.06.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող ավտոճանապարհները ևս անչափ կարևոր են Երևանի կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու համար:


«Երկուստեք հաջողված համագործակցության արդյունքում այսօր մենք ունենք իսկապես տեսանելի աշխատանք ու ձեռքբերումներ, որոնք անչափ կարևոր են Երևանի երթևեկության կանոնակարգման համար: Վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում անելու ենք հնարավորը, որպեսզի ընթացող բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնենք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքային տնտեսության այլ ոլորտներում նույնպես փոխգործակցելու Ասիական զարգացման բանկի հետ», - ընդգծել է քաղաքապետը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոն գոհունակություն է հայտնել ծրագրերի ընթացքից և ներկա արդյունքներից՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է բանկի համար:


«Պարոն քաղաքապետ, ես անձամբ եմ այցելել նոր ավտոճանապարհի կառուցման շինհրապարակ և պետք է նշեմ, որ, իրոք, մեծ աշխատանք է կատարված, ինչը ողջունելի է: Վստահեցնում եմ Ձեզ, որ մեզ համար հաճելի է աշխատել մի կառույցի հետ, որը պատրաստակամ է ամենայն հետևողականությամբ կյանքի կոչելու առաջադրված բոլոր ծրագրերը: Մեր թիմերի ամենօրյա համատեղ աշխատանքով կյանքի կոչվող բոլոր ծրագրերը իսկապես կարելի է օրինակելի համարել: Համոզված եղեք, որ ես ևս իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի մենք ընդլայնենք համագործակցությունն ու այդ շրջանակում ընդգրկենք նոր ոլորտներ»,- նշել է Մարիո Դի Մայոն:


Հանդիպման ժամանակ կողմերը նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր փոխգործակցություն ծավալելու հետ կապված մտքեր են փոխանակել: 

← Վերադառնալ ցուցակին