Լուրեր
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրվա առթիվ կազմակերպված ավանդական ուխտագնացությանը
20.06.2016

Հունիսի 17-ը մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է: Այդ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 110 երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր կազմակերպված ուխտագնացությանը:
Ոտքով հաղթահարելով շուրջ 8-9 կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին վերջինիս հիշատակին և այնուհետև Սպիտակավոր եկեղեցում մոմավառություն կազմակերպեցին:
Ուխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասնորեն ծանոթացան Նժդեհի գաղափարախոսությանն ու գործունեությանը:
Ուխտագնացությունն ուղեկցվեց մշակութային մասով` երգով, պարով: Այդ ընթացքում երիտասարդները կանգ առան նաև Պարույր Սևակի հուշաքարի մոտ, և նրա հիշատակին մի շարք երիտասարդներ հանդես եկան ասմունքով:
Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ: Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ավանդավար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր` հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու անմահ հիշատակին: