Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

16.06.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների խորհրդարանականների շփումները, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում համագործակցությունը կխթանեն խորհրդարանների միջեւ երկխոսության ակտիվացումը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:

Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կհամագործակցի Ղազախստանի դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ շփումները:  

← Վերադառնալ ցուցակին