Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԴ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

11.06.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Հանրապետության Նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը:

ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված հայ-ռուսական համագործակցության դաշնակցային բնույթը մշտապես արտահայտվում է ինչպես երկկողմ միջպետական մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում փոխգործակցությամբ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը, որոնք միտված են կայունության և անվտանգության պայմաններում զարգացման ապահովմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՌԴ կառավարության նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար տոնական նշանավոր այս օրն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարօրության ու միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների խորը փոխակերպումների հետ: 

← Վերադառնալ ցուցակին