Լուրեր
ՀՀԿ ԵԿ կազմակերպմամբ կայացավ հանդիպում երգահան Դանիել Դեքերի հետ
27.05.2016
Մայիսի 26-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հանդիպումն ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերի հետ։ Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի երաժիշտը խոսել է հայերի նկատմամբ տածած իր մեծ սիրո, Ցեղասպանության, իր թողարկած «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու ձայնասկավառակի և այլ թեմաների մասին, պատասխանել է երիտասարդների հարցերին։ Ի դեպ, նա առաջին ոչ հայ երաժիշտն է, որը թողարկել է ձայնասկավառակ բացառապես հայալեզու երգերով։ Երաժիշտը հիշում է, որ ժամանակին հայերեն երգերի ժողովածու ձայնագրելու իր մտադրության մասին լսելով՝ շատերը խորհուրդ էին տալիս չստանձնել նման բարդ գործ, սակայն Դեքերը կարողացավ իրականացնել այս բացառիկ ծրագիրը, որը հայ դառնալու ճանապարհին իր քայլերից մեկն էր։
«Ես ծնունդով հայ չեմ, սակայն իմ ընտրությամբ եմ հայ,- ասել է Դեքերը և երիտասարդներին ցույց տվել 2015 թվականին ստացած իր հայկական անձնագիրը՝ ավելացնելով,- ես հպարտորեն ձեր դիմաց նստած եմ ու կարող եմ ասել՝ ես ձեզանից մեկն եմ»։
Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ ամերիկացի երաժիշտը նշել է, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայ ժողովրդի համար։ «Հայաստանից, ԼՂՀ-ից դուրս գտնվող մարդիկ իրականում չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Ապրիլյան պատերազմի օրերին ես ֆեյսբուքում իմ հետևորդներին գրառում թողեցի՝ ասելով՝ Արցախը պատմական հայկական հող է, որտեղ դարեր շարունակ ապրել են հայերը։ Եվ միակ պատճառը, որ ադրբեջանցիները նկրտումներ ունեն Արցախի նկատմամբ, բխում է ստալինյան քաղաքականությունից։ Ստալինը հենց այնպես Արցախը հանձնեց ադրբեջանցիներին, որի նպատակը Խորհրդային Միությունում ազգային ինքնության գաղափարը ջնջելն էր։ Սակայն այն հայկական տարածք է և իրավամբ հայերին է պատկանում։ Հայերը խաղաղություն սիրող մարդիկ են, բայց նրանք ունեն իրավունք՝ պայքարելու իրենց հողի համար»,- ասել է Դեքերը։
Հանդիպման ընթացքում նա նաև բացահայտել է իր առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Արա Գևորգյանի հետ ցանկանում են երգ նվիրել Արաքս գետին։ «Արաքսը հայության համար խորհրդանշական է։ Եվ ուղերձը, որ ես ուզում եմ աշխարհին հասցնել, այն է, որ հայերն այսօր Մայր Արաքսի միայն մի կողմում են կարողանում կանգնել, սակայն այն հայկական գետ է, և մի օր հայերը հնարավորություն կունենան քայլելու այդ գետի երկու կողմերով էլ»,- ասել է երաժիշտը։ Նրա ծրագրերից է նաև «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ համագործակցությունը։
Վերջում Դեքերը հանդիպմանը ներկա երիտասարդներին խորհուրդ է տվել պահպանել սեփական անհատականությունը, ազգային ինքնությունը, քանի որ հայկական մշակույթը շատ հարուստ է ու ինքնատիպ։
Դեքերի և երիտասարդների՝ «Կիլիկիա» երգի կատարումից մի հատված կարող եք դիտել տեսանյութում։