Լուրեր
Արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
25.05.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցումից հետո փաթեթում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ:
Այնուհետեւ խորհրդարանը 102 կողմ, 17 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման եւ նրա կողմից 2016 թվականի ապրիլի սկզբին սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախարարի խոսքով՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման, ինչպես նաեւ հետագայում հակառակորդի կողմից հնարավոր նախահարձակ գործողություններով պայմանավորված? կամավորական համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Հրանտ Բագրատյանն անընդունելի է համարել առաջարկվող նախագծի տարբերակը եւ ներկայացրել է առաջարկներ: Հեղինե Բիշարյանը կարեւորել է նախագծի ընդունումը հատկապես ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած գործողություններից հետո եւ նունպես առաջարկներ ներկայացրել: Գուրգեն Արսենյանը ներկայացրել է իր դիտարկումներն ապրիլյան մարտական գործողությունների եւ կամավորների մասնակցության վերաբերյալ: Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ նախագծով հստակեցվում է, թե արդյոք կամավորականը մեկնել է մարտական դիրքեր, թե ոչ: Ռուբիկ Հակոբյանը թեեւ դրական է գնահատել նախաձեռնությունը, այդուհանդերձ նկատել է, որ պետք է բոլորին պետական վերահսկողության դաշտ տեղափոխել:
Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին եւ դիտարկումներին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերի կողմից դեռեւս ընթանում են քննարկումներ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ՝ միության անդամ երկրների համար:
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: