Լուրեր
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
13.04.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դմիտրի Մեդվեդևի առաջարկով, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ 2016թ. մայիսի 20-ին: